Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնած աշակերտների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. «Հայկական ժամանակ»

Հունվար 21,2020 11:39

ՀՀ հանրակրթական դպրոցների ընթացիկ գնահատմամբ 6 825 աշակերտից 1 440-ը, այսինքն՝ 21.1%-ը հայոց լեզվի քննությունից անբավարար է ստացել: Հանրահաշվի դեպքում պատկերն այսպիսին է. քննություն հանձնած 6 784 աշակերտներից դրական գնահատական չի ստացել 1703-ը կամ 25.1 %-ը: Սրանք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի անցկացրած վերջին գնահատման ամփոփված արդյունքներն են:

Նշենք, որ ԳԹԿ-ն հանրակրթական դպրոցներում հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից պարբերաբար անցկացնում է գնահատումներ: Կենտրոնի աշխատակիցները հսկում են ողջ գործընթացը, որպեսզի աշակերտներն ինքնուրույն կատարեն առաջադրանքները: Վերջին գնահատումը եղել է 2019 թվականի հոկտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը՝ 9-րդ դասարանցիների շրջանում: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, ընթացիկ գնահատում անցկացվել է շուրջ 235 կրթական հաստատությունում՝ 113 միջնակարգ եւ 110 հիմնական դպրոցներում, 3 կրթահամալիրներում, 1 ավագ դպրոցում, 1 վարժարանում, 1 հատուկ դպրոցում, 1 միջնակարգ մասնագիտական եւ 4 ոչ պետական ուսումնական հաստատություններում:

ԳԹԿ մամուլի քարտուղարը մեզ տրամադրեց գնահատման արդյունքները՝ ամփոփված ըստ վարչատարածքային միավորների, որոնք ցույց են տալիս, թե որ մարզում որ գնահատականներն են առավել շատ կամ պակաս եղել:

Ըստ այդ տվյալների՝ հայոց լեզվից 1-3 գնահատական, այսինքն՝ անբավարար, ամենաքիչը ստացել են Երեւանում՝ 12.04 % եւ ամենաշատը Գեղարքունիքի մարզում՝ 30.7 %:

4-5 գնահատականներն ամենաքիչը ստացել են Արարատի մարզում՝ 40.5%, ամենաշատը՝ Լոռու մարզում, տոկոսը հասնում է 52.4-ի:

6-8-ը միավորներն ամենաքիչը գրանցվել են Վայոց Ձորի մարզում՝ 23.1 %, առավել շատ՝ Սյունիքի մարզում՝ 40.4 %:

9 եւ 10 գնահատականներ չեն արձանագրվել Սյունիքի մարզում, իսկ առավել շատ գրանցվել են Շիրակի մարզում՝ 2.6 %:

Հանրահաշվի դեպքում եւս անբավարար գնահատականը՝ 1-3, ամենաքիչն արձանագրվել է Երեւանում՝ 17.5 %, համեմատաբար շատ է եղել Արարատի մարզում՝ 40.2 %:

4-5 գնահատականները քիչ են եղել Սյունիքում՝ 40.8 % եւ շատ Վայոց Ձորում՝ 58.3 %:

6-8-ի դեպքում պատկերն այսպիսին է. քիչ են Արարատի մարզում՝ 10.1 % եւ շատ՝ Երեւանում՝ 29.3 %:

9 եւ 10 բալեր չեն արձանագրվել Արագածոտնի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզերում, սակայն շատ են եղել Սյունիքի մարզում:

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031