Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հատուկ ծառայության ղեկավարը կարո՞ղ է լինել այն աստիճան հուզական վիճակում, որ պատին 35 հատ կրակոց արձակի ու դրանից առաջ էլ ալկոհոլ օգտագործած լինի. «Հրապարակ»

Հունվար 21,2020 10:59

Հարցերից մեկն այն էր, թե ինչու Գեորգի Կուտոյանի կնոջը, ով տեղյակ է եղել, որ ամուսինը մոտ 20 օր առաջ, ալկոհոլ օգտագործած վիճակում, 35-40 անկանոն կրակոց է արձակել տան պատերին (GLock 34-ում, ըստ այս զենքի տեխնիկական բնութագրերի, մեկ փամփշտակալում կարող է լինել 8-16 փամփուշտ, եւ, հետեւաբար, մարդը 2-5 «մագազին» դատարկել է), չի անհանգստացրել այն, որ ամուսինը գնում է իրենց՝ ամուսնական տուն՝ 2-3 օրով այնտեղ մեկուսանալու։ Կամ՝ եթե անհանգստացրել է, ինչո՞ւ չի փորձել կանխել։ Կամ՝ ինչո՞ւ է Կուտոյանը խնդրել, որ կինը փամփուշտները հավաքի, դնի սեղանին, ինչո՞ւ ինքը դա չի արել։ Հարցեր, որ այս 2 օրվա ընթացքում բարձրացրել են իրավաբանները, փաստաբաններն ու քաղաքական գործիչները։ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, օրինակ, գրել էր․ «Ինչ-որ մեկը մեզ ուզում է ցույց տալ, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում ղեկավար պաշտոնների աշխատել են թույլ, ոչ ադեկվատ, հիվանդ ու ցնորված ալկոհոլիկներ…»։

Հենց այս հարցով էլ սկսեցինք հարցազրույցն 90-ականների ԱԱԾ տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։ Թե արդյոք հատուկ ծառայության ղեկավարը կարո՞ղ է լինել այն աստիճան հուզական վիճակում, որ պատին 35 հատ կրակոց արձակի ու դրանից առաջ էլ ալկոհոլ օգտագործած լինի։ Գուրգեն Եղիազարյանն ի պատասխան ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, Գեորգի Կուտոյանն ընդհանրապես խմիչք չէր օգտագործում։ «Խմիչքի օգտագործումն այդ երկու օրերին, այս՝ կրակելու եւ այլն, դա իր բնութագրի մեջ երբեւէ չի եղել, ուրեմն նյարդային վիճակն էնպիսին է եղել, որ բերել է դրան»,-արձանագրում է Եղիազարյանը։

Իսկ այդ կրակոցները կարո՞ղ էին ենթագիտակցաբար հոգու ճիչ լինել, որ միգուցե ինչ-որ մեկը լսեր, հաղորդեր, թե ինչու է այս մարդը կրակում։ ԱԱԾ նախկին աշխատակիցն ասում է, որ թե՛ այդ կրակոցները, թե՛ այն, որ ալկոհոլ չօգտագործող մարդը կոնյակ է խմում, թե՛ մեկուսանալու ձգտումը, այս ամենը խոսում է նրա հոգեկան ապրումների ու խոր դեպրեսիվ վիճակի մասին։ Հետեւաբար, Եղիազարյանի համար կատարվածը շատ նման է ինքնասպանության։

Ըստ Եղիազարյանի՝ այլ բան է, երբ դեպքի վայրը սեփական աչքով ես տեսնում, դա «ընդհանուրի 50+ տոկոսն է», իսկ ՔԿ-ի մինչ այս հաղորդած, նրա գնահատմամբ՝ կցկտուր տեղեկատվության հիման վրա ինչ-որ բան ասելը նա անշնորհակալ գործ է համարում։ Բայց մի բան կարող է ասել, մասնավորապես, որ մենք ապրում ենք հիվանդ հասարակությունում։ «Նիկոլը Հայաստանը սարքել է մեծ հոգեբուժարան՝ չունենալով օրակարգ, բա ամեն օր գլխից մի բան է հանում։ Եվ ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ էս հոգեբուժարանին»,- շարունակեց Եղիազարյանը։ Նա բերեց ասվածի օրինակներ, որոնցից մեկն էլ այն է, որ «այսօր հանգուցյալ Կուտոյանի ընկերները Հայաստանում տոտալ հետապնդումների են ենթարկվում։ Մեկը՝ ՍԴ նախագահը, բռնում են սանիկներին, քավորներին, հարեւաններին, տանում են հարցաքննության 75 տարեկան հորը, հարցաքննում են երեխաներին։ Եվ նման օրինակները բազում են, մենք ապրում ենք աննորմալ ռեժիմով, օրակարգով, եւ այս օրակարգն ազդում է մարդկանց հոգեկան աշխարհի վրա»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Այս մարդը յոթ երգ գիտի, յոթն էլ Նիկոլի մասին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031