Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացումներ են սպասվում գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում. «Փաստ»

Հունվար 21,2020 10:53

2020 թվականին տնտեսական առումով բարդ տարի է լինելու, չնայած իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել տնտեսական հեղափոխության շարունակականության մասին (իբր սկիզբ եղել է)։

Կառավարությունը կանխատեսում է, որ 2020 թվականին հնարավոր կլինի ապահովել 4,9% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշը բոլորովին չի համընկնում տնտեսական հեղափոխության տրամաբանությանը, որը ենթադրում է ավելի բարձր աճ։

Չնայած վարչապետը հանրությանը հույսեր է ներշնչում, որ տնտեսական աճը ամրագրված 4,9%-ից բարձր է լինելու, սակայն միայն հույսերով ու դրական սպասումներով պետք չէ բավարարվել, քանի որ կան բազմաթիվ իրական ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա և նշվածից էլ ցածր տնտեսական աճ գրանցել։

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մոտ 700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելացել է:

Եվ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։

Ըստ այդմ, թանկացումներ են սպասվում գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։

2020 թվականի հունվարից Հայաստանում ուժի մեջ են մտնում նաև ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ։

Իսկ սա նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների ներմուծման գործընթացը, որի արդյունքում մեծ գումարներ էին մուտքագրվում պետբյուջե, կանգ է առել, որի արդյունքում էլ հայաստանյան շուկայում արդեն ավտոմեքենաների գների թանկացման միտում է նկատվում։

Հետաքրքրական է նաև հանգամանքը, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար գանձվող մաքսային վճարները հավաքվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից Հայաստանին վճարվելու է միայն 1,22 տոկոսը։

Տարբեր տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում մոտ 5-7 տոկոսով գնաճ է սպասվում, որն էլ իր հերթին բերելու է կյանքի որակի անկման։ Սակայն եթե հաշվի ենք առնում նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադրություն ունի հայտ ներկայացնել ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար, և արդեն իսկ խոսակցություններ կան, որ ապրիլից կամ հունիսից գազի գինը բարձրանալու է 5-10 դրամի սահմաններում, ապա գնաճի մակարդակն էլ ավելի մեծ է լինելու, քանի որ գազի գնի բարձրացումն իր արտացոլումն է ունենալու գրեթե բոլոր ապրանքների վրա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031