Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեցին մի շարք օրենքներ, որոնք երեկ էին քննարկվել ու բոլորն ընդունվեցին:
Երբ քվեարկության դրվեց «ՀՀ պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այս օրինագիծն ինձ հիշեցրեց հայտնի անեկդոտը՝ կոճակը գտա, մնաց վերարկուն: Մենք գտնում ենք, որ պետական մրցանակներ տրվելիք, տրվող ամբողջ հայեցակարգը պետք է փոխվի: Տարիներ շարունակ այդ հանձնաժողովը ծառայել է այլ մրցանակի, արժեզրկվել են պետական կարեւորագույն մրցանակները՝ ծառայեցնելով քաղաքական նպատակների: Մեզ համար կարեւոր չէ՝ վերջնարդյունքում ով կհանձնի մրցանակը՝ նախագա՞հը, թե՞ վարչապետը: Մեզ համար կարեւոր են սկզբունքային հայեցակարգային փոփոխություններ: Ընդունելի չէ, որ նախարարը միանձնյա պետք է որոշի հանձնաժողովի կազմը: Ուստի այս պահին ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ իրենք առաջարկներ կանեն հանձնաժողովի կազմի վերաբերյալ, որից հետո նոր կողմ կամ դեմ կքվեարկեն:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Աննա Կոստանյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, մինչեւ երկրորդ ընթերցում առաջարկություն կանեն: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ, 19 ձեռնպահով:
ԲՀԿ-ն «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ էր բերել, որով առաջարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու պատժաչափերը մեծացնել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ամեն տարի ցավալի վիճակագրություն ենք ունենում, որ ոչ կանոնադրական հարաբերությունների, վատ ենթամշակույթի պատճառով բանակում ունենում ենք շատ ավելի զոհեր, քան թշնամու գնդակից: Այս օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն, այսօր եւս այն ընդունվեց միաձայն՝ 120 կողմով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ