Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Բադալյան. եթե ՍԴ ճգնաժամի հաղթահարման լուծումները թողնվեն սահմանադրական փոփոխությունների շրջանակում, ապա հնարավոր է՝ քաոտիկ իրավիճակ առաջանա. «Ժամանակ»

Հունվար 21,2020 10:35

Այն, որ ՍԴ ներկայիս կազմը հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի, համոզված է փաստաբան Կարապետ Բադալյանը. «Այն կազմը, որը այդ հարցը պետք է քննարկի, ակնհայտ է, որ կայացնելու է որոշում, որով հակասահմանադրական է ճանաչվելու նշված հոդվածը, որպեսզի Քոչարյանը ազատվի պատասխանատվությունից։

Նրանք բոլորը կապված են տարբեր թելերով այդ անձի հետ ու ընդհանրապես։ Այս վստահությունը գալիս է ՍԴ ներկայիս կազմից ելնելով։ Գուցե ուրիշ կազմ լիներ, որի հանդեպ վստահություն լիներ, և այդ հոդվածը ճանաչվեր հակասահմանադրական, դա չքննարկվեր։ Այդ դեպքում գոնե վստահելի կլիներ դատարանի որոշումը։ Պետք է հստակ լինի՝ նպատակը ոչ թե Քոչարյանի դատելը, պատժելը պետք է լինի, այլ որ ամբողջ պրոցեսը լինի օրինականության և օրենքի գերակայության շրջանակներում։ Իսկ ներկայումս որոշում կայացնող ՍԴ կազմը չի վայելում վստահություն և ոչ մի հեղինակություն չունի։ Խնդիրն այստեղ է, և ՍԴ ճգնաժամը հենց սա է»։

Դիտարկմանը՝ այդ ֆոնին բավարար համարո՞ւմ է իշխանության ձեռնարկած գործողությունները այդ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, և արդյոք վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումից բացի, որը կարծես թե արդյունք չի էլ տալու, այլ ավելի լուրջ քայլերի անհրաժեշտություն չկա, Բադալյանը պատասխանեց, որ ինքը դեռ հույս ունի, որ վաղ կենսաթոշակի ինստիտուտը որոշ լուծումներ կտա, դրանից օգտվող ՍԴ անդամներ կլինեն, իսկ եթե դա էլ չլինի, ապա էլի լուծումներ կան։ Մասնավորապես, ԱԺ-ն կարող է փոփոխության ենթարկել 213 հոդվածը և սահմանի ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետը մինչև ապրիլի կամ մայիսի 1 և դրանով դադարի, լուծվի այս ճգնաժամը։

Կարապետ Բադալյանը կարծում է, որ եթե ՍԴ ճգնաժամի հաղթահարման լուծումները թողնվեն սահմանադրական փոփոխությունների շրջանակում, ապա հնարավոր է՝ քաոտիկ իրավիճակ առաջանա։ «Դատական իշխանությունը մեզանում առկախված վիճակում է հիմա։ Դատական իշխանությունը ներկայումս ամբողջությամբ ֆունկցիոնալ չէ, դրա նկատմամբ վստահություն չկա, իսկ դրա առողջացման ուղղությամբ կոնկրետ քայլեր դեռ չեն արվում։ Քանի դեռ այս վիճակը շարունակվում է, ճգնաժամը շարունակվելու է։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումները դեռ չեն սկսվել, եթե սկսվեն էլ, ապա մի երկու տարի կտևեն, քանի որ դա լուրջ հարց է։ Եվ մենք չենք կարող այս ամբողջ ժամանակահատվածում ապրել անվստահելի դատական համակարգի առկայությամբ։ Դատական համակարգը լրջագույն դեր ունի, առանց դրա չկա ժողովրդավարություն, իրավական պետություն։ Պետք է կոնֆլիկտները լուծել հասարակության մեջ, իսկ եթե չլուծենք, ապա քաոսի առաջ կկանգնենք։ Պետք է օր առաջ դատական համակարգի հանդեպ անվստահությունը վերացնել, և նրանք, ովքեր այդ անվստահության աղբյուրն են, պետք է նույնպես հեռացվեն։ Դատական համակարգը իր դերը պետք է վերականգնի։ Առավել ևս՝ Սահմանադրական դատարանը, որի դերը շատ կարևոր է»,- եզրափակեց Բադալյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031