«Կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի»․ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին եւ այդ համատեքստում այլ ներկա ու նախկին պաշտոնյաների անվտանգությանը՝ այդպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
– Այս դեպքից հետո շատ է խոսվում այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա, ի՞նչ կարծիք ունենք նման հնարավորության մասին:
– Ես կարծում եմ, որ կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի, որովհետեւ վերջին հաշվով հիմա բաներ են կատարվում, որ հասարակության մեջ լարվածության եւ հարցականների տեղիք են տալիս։ Կարծում եմ, որ արժե այդ մասին համապատասխան մարմինները մտածեն եւ առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ ձեւաչափով պետք է այդ խնդիրը լուծվի:
– Ո՞ր պաշտոնյաներն ունեն անվտանգության խնդիր։
Կարդացեք նաև
– Բնականաբար, առաջին հերթին դա վերաբերում է ուժային կառույցների եւ կարեւոր, հնչողություն ունեցող քրեական գործերի շրջանակում շատ կարեւոր վկաների անվտանգությունն ապահովելու խնդրին: Այսինքն՝ պետական պահպանության կառույցը, նախաքննական մարմնի առաջարկից ելնելով, պետք է որոշում կայացնի եւ այդ խնդրի հետ առնչվող լուծումներ գտնի:
– Դուք, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, հնարավո՞ր է՝ նման պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք:
– Ես կարծում եմ՝ հիմա պետք է մոտենալ անհատական լուծումներով, հետո նոր գտնվի ամբողջական լուծում, եթե անհրաժեշտ լինի՝ նաեւ օրենսդրական: Այս պահին մենք ունենք որոշակի օրենքներ, որոնք կարգավորում են կոնկրետ պաշտոնյաների անվտանգության խնդիրը: Եթե ցանկը մեծացնելու խնդիր պետք է առաջանա, բնականաբար, պետք է ուսումնասիրությունների արդյունքում գալ ինչ-որ եզրահանգումների:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում