Եթե կյանքին հետեւես միայն «ֆեյսբուքյան պատուհանից», ապա կարելի է մտածել, որ Հայաստանում մարդկանց մեծ մասի հիմնական հոգսն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ընդհանրապես բոլոր «նախկիններին» դեռեւս չեն գնդակահարել: Մեկուկես կամ անգամ մեկ տարի առաջ դա իսկապես շատերին էր հուզում, բայց կյանքը շարունակվում է, եւ մարդիկ չեն կարող շատ երկար ժամանակահատված ապրել միայն «հակահերոսներից» վրեժ լուծելու տենչով: Վրա են հասնում առօրյա հոգսերը, առօրյա խնդիրները, որոնք անմիջական, հրատապ լուծում են պահանջում, եւ այդ հոգսերով ապրող մարդկանց դժվար է ամեն օր կերակրել «բարձր քաղաքականությամբ»:
Օրինակ, անասնապահներին դժվար է բացատրել, որ այն խնդիրները, որոնց այժմ նրանք դեմ են առել, պայմանավորված են «նախկինների թալանով»: (Չնայած ենթադրում եմ, որ, մտքի մեծ ճկունություն բանեցնելով, հնարավոր է նաեւ այդ երկու երեւույթները կապել): Բայց, եթե մնանք տրամաբանության սահմաններում, ապա ակնհայտ է՝ Հայաստանի 10, 20, թեկուզ 30 սպանդանոցները չեն կարող հոգալ մեր հանրապետության մի քանի հարյուր բնակավայրերի մի քանի հազար անասնապահների ամենօրյա կարիքները: Դա տեխնիկապես հնարավոր չէ՝ անգամ սպանդանոցների սեփականատերերի ամենամեծ ցանկության դեպքում: Եվ կառավարությունը, ունենալով մսամթերքի որակն ապահովելու բարի մտադրություն, այնուամենայնիվ, պետք է կանգնի հազարավոր անասնապահների, ոչ թե սպանդանոցային բիզնեսով զբաղվողների կողքին եւ չպարտադրի գյուղացիներին անհայտ միջոցներով եւ անհայտ պայմաններով տանել իրենց անասուններին սպանդանոցներ՝ ձեւաթուղթ ստանալու համար: Առանց ձեւաթղթի չի կարելի միս վաճառել՝ համաձայն եմ: Բայց ինչո՞ւ չստուգել, թե ինչպիսի պայմաններում են կենդանիներին մորթում գյուղացիները. եթե պայմանները բավարարում են չափանիշներին, տալ այդ ձեւաթուղթը, եթե չեն բավարարում՝ չտալ:
…Շաբաթ օրը Մամուլի շենքում հրդեհ էր բռնկվել: Հետեւանքներից մեկն այն էր, որ վնասվել են էլեկտրականության մալուխները, եւ շենքը հոսանքազրկվել է: Մալուխները պետք է վերականգնի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն, որը շենքի սեփականատերն է: Ինչպես հայտնի է, պետական մարմինները դանդաղաշարժ են (անգամ հեղափոխությունից հետո). մինչեւ հանձնաժողով ստեղծվի, մինչեւ հանձնաժողովը որոշի, թե ինչ է եղել եւ ով է մեղավոր, մինչեւ նոր մալուխներ գնեն եւ որոշեն, թե ով է այդ մալուխները փոխելու՝ այդ ամենը կարող է շաբաթներ տեւել: «Առավոտ» օրաթերթը, որի խմբագրությունը գտնվում է Մամուլի շենքի 15-րդ հարկում, միեւնույն է, վաղը լույս կտեսնի՝ որոշակի հավելյալ ծախսերի եւ աշխատողների լարվածության գնով: Այդ ամենը պատմում եմ ոչ թե կյանքից բողոքելու նպատակով, այլ պարզապես եւս մեկ օրինակով ցույց տալու, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, ի տարբերության քարոզիչների եւ քաղաքականացված ֆեյսբուքահայերի, ապրում ենք «բարձր քաղաքականության» հետ կապ չունեցող հոգսերով:
Արամ Աբրահամյան
ՀՀ քրեական օրենսգրքի, 11 բաժնի (պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ), գլուխ 28-ի հոդվածներով մեղադրյալ կճանաչվեն հանրապետության բոլոր առաջնորդները: Ցավոք, դատող չկա:
Եվրոպայից, Ամերիկայից կամ Ավստրալիայից հրավիրեք գաղթական մեկ Հայ
գյուղացու (ֆերմերի), տվեք փոխվարչապետի պաշտոն և գյուղի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն, եթե վարչապետը կցանկանա: