«Ամերիկայի ձայն». Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա խնդիրը աշխարհի երկրների հետ դիվանագիտական եղանակով լուծելու դռները փակված չեն։ Այս մասին է հայտարարել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Աբբաս Մուսավին երկուշաբթի օրն ասել է, թե Իրանը շարունակում է մնալ գործարքի կողմ։ Նրա խոսքերով, այդ պայմանագիրը Թեհրանի կողմից ոտնահարվելու մասին եվրոպական երկրների առաջնորդների հայտարարություններն անհիմն են։
Հիշեցնենք, որ 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրով հանվում էին Թեհրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները՝ ի պատասխան իրանական կողմում միջուկային գործունեությունը սահմանափակելուն։ Սակայն Իրանն աստիճանաբար հետ կանգնեց իր պարտավորություններն իրականացնելուց, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ պայմանագրից ու վերսկսեց պատժամիջոցները։ Նախագահ Դոնալդ Թրամփն այդ քայլը բացատրում է Իրանի հետ նորացված պայմանագիր կնքելու անհարժեշտությամբ, պայմանագիր, որը ըստ նրա, պետք է ընդգրկի միջուկային գործունեությանը, Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին եւ Մերձավոր Արեւելքում Իրանի գործունեությանը վերաբերող հարցեր։
Միջազգային պայմանագիրը ստորագրած Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան այս ամսվա սկզբին նույնպես հայտարարեցին, որ Իրանը ոտնահարում է իր ստանձնած պարտավորությունները, ինչն ավելի սրեց իրադրությունը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ նաեւ ՄԱԿ-ը վերսկսի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ «Թրամփի գործարքը» ունի 2015 թվականին կնքված գործարքին փոխարինելու ունակություն։ Սակայն Իրանի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի օրը նորից կրկնել է, որ Թեհրանը մերժում է «Թրամփի գործարքը»։ Իրանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե Թրամփին վստահելն անհնար է, ինչի պատճառով այդ գործարքը եւս չի ունենա արժեք։