«Ես չեմ տեսնում, որ Արթուր Վանեցյանը փորձի ձեւավորել ընդդիմություն: Վանեցյանը, ըստ իս, փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել, ներկայացրել է միգուցե, բայց, որքանով նրան կհաջողվի ձեւավորել ռեալ ընդդիմադիր բեւեռ՝ չեմ կարող ասել: Ըստ իս, չի կարող ռեալ ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել Արթուր Վանեցյանի շուրջ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ «Արթուր Վանեցյանը ե՞րբ դարձավ Արթուր Վանեցյան, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ պետ եւ մի քանի աղմակահարույց գործեր բացահայտվեցին: Ժողովուրդը մի պահ ոգեւորված էր նրանով, բայց հիմա բոլորովին հակառակ պատկերն ենք տեսնում, երբ ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ է տեղի ունեցել: Հիմա վստահ եմ պարզապես, որ Արթուր Վանեցյանն այն փառք ու պատիվը չի վայելում, ինչ վայելում էր պաշտոնավարման ընթացքում»:
Հարցին՝ հիմա է՞լ եք պնդում, որ Արթուր Վանեցյանը ներքին հեղաշրջման համար պաշտոնանկ արվեց՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Դա իմ պնդումը չի եղել: Ես «Հայկական ժամանակի» հոդվածը կարդալով՝ ստացել եմ էդպիսի տպավորություն»:
Ըստ Հրաչյա Հակոբյանի, ատելության մթնոլորտ մեր երկրում չկա. «Եթե կա էլ, ապա բոլորովին այլ տեղից է դա գալիս: Դուք բոլորդ էլ շատ լավ տեսնում եք, թե իշխանությունները բոլոր հնարավոր ԶԼՄ-ներով, իրենց հարցազրույցներում ինչքան են հորդորում մարդկանց, որ հայհոյանքներով մեկնաբանություններ ֆեյսբուքում գրելը չլինի: Այնուամենայնիվ, դա կա: Բայց որ ասեմ ՀՀ-ում պայթյունավտանգ ինչ-որ իրավիճակ է՝ չկա նման բան»:
Կարդացեք նաև
Արթուր Վանեցյանն այսօր սոցցանցերում արված իր գրառմամբ սթափության կոչ էր արել ու ասել՝ կանգ առեք, ներքին թշնամանքը կիսապատերազմական երկրում վտանգավոր է: Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ «Վանեցյանը շատ մտավախություններ է ունեցել, բայց թե էդ, որոնք են՝ չի մատնանշել: Շատ ավելի լավ կլինի, որ Արթուր Վանեցյանը հիմա մատնանշի բոլոր խնդիրները եւ հետագայում տեսնենք՝ այդ վտանգները տեղի կունենա՞ն, թե՞ տեղի չեն ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ