Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության կրթության նախկին նախարար Չարլզ Քլարկին: Վերջինը ներկայացրել է բրիտանական կրթական համակարգը և բարեփոխումների մարտահրավերները: Մասնավորապես, խոսվել է նախադպրոցական կրթության բարեփոխման անհրաժեշտության, միասնական համակարգ ստեղծելու, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու մասին:
Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման որակի և պրակտիկայի բարելավման միտումներին վերաբերող մի շարք հարցեր: Արձանագրվել է, որ հետազոտության որակի բարելավման շեշտադրումներին զուգահեռ, պետք է միջոցներ ձեռնարկել դասավանդողների մեթոդաբանական հմտությունների զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական համակարգերի բարեփոխման օրակարգում ներառված ոչ ֆորմալ կրթության, համացանցում հասանելի առցանց կրթական ծրագրերի կարևորությանը` գործատու և կրթական հաստատություն համագործակցության համատեքստում:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:
Կարդացեք նաև
2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Այս տարի ֆորումին մասնակցում է շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը համաժողովում կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները:
ԿԳՄՍՆ