Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ սաղ-սաղ թաղում եք, էս գյուղերն էլ դատարկեք, պրծեք»․ լարված իրավիճակ Անիի սահմանամերձ գյուղերում

Հունվար 20,2020 17:43

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել կառավարության՝ անասուններին պարտադիր սպանդանոցներում մորթելու որոշումը։

Բողոքավորների հետ հանդիպման եկավ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, որը հորդորեց բացել ճանապարհը, քանի որ վաղը Ազգային ժողովում քննարկում է, ինքն էլ Շիրակի մարզի գյուղացիների անունից խնդրելու է հետաձգել որոշումը, մինչև սպանդանոցները պատրաստ լինեն։

«Մեզ ոչ մի սպանդանոց պետք չէ, համաձայն չենք, հինգ հազար դրամ տաք անասունը մորթելուն, չհաշված ճանապարհածախսը, էդ ի՞նչ եկամուտ ենք ստանում, որ, օրինակ` խոզից ստացած եկամուտը իրենով հինգ հազար դրամ է։ Որտեղի՞ց տամ, էրեխուս բերանից կտրե՞մ։ Վարկերի տակ ճռռում ենք, բանկից զանգել են, թե արի վարկերը փակի, ինչպե՞ս փակվեք, սաղ-սաղ թաղում եք, էս ի՞նչ վիճակի եք հասցրել։ 15 գյուղի բնակիչ ենք ստեղ հավաքվել, մարդ չե՞նք, որ գան կարծիքներս լսեն, ո՞վ է թույլ տվել առանց կարծիք հաշվի առնելու նման որոշում ընդունեն, մեզ խոտակերի տեղ են դրե՞լ»,- զայրացած էին բողոքավորները։

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց․ «Վաղը ժամը 16․00-ին Ազգային ժողովն այդ հարցը քննարկելու է , մյուս օրը կգամ ձեզ պատասխանելու։ Քննարկման էլ ես եմ մասնակցելու, գնալու եմ, ասելու եմ, որ մեր մարզի ժողովուրդը միջպետական ճանապարհ է փակել, ուզում է հարցին լուծում տանք։ Ժողովուրդ ջան, մի մտածեք, գիտեք ձեր մասին մտածող չկա՞, շատ լավ էլ մտածում ենք։ Մենք մեր կողմից կխնդրենք, որ հնարավորություն տան այդ ժամկետի երկարացման, չգիտեմ՝ ինչ որոշում կընդունվի, բայց մենք մեր կողմից կառաջարկենք, որ ժամկետը երկարացվի։ Ասեմ` ինչի համար․ այս տարածաշրջանում արդեն մի շահառու կա, որն ուզում է սպանդանոց կառուցի, մի հատ Ամասիայում կա, մի հատ Գյումրիում կա»։
Գյուղացիները հակադարձեցին․ «Ո՛չ, պարոն Մանուկյան, ո՛չ»։

Պարոն Մանուկյանը հարցրեց․ «Ինչո՞ւ եք ասում՝ ոչ»։ Գյուղացիները շարունակեցին․ «Որովհետև ներկայացուցիչ չուղարկեցիք գյուղերը, հարցուփորձ չարեցին, չհարցրեցիք՝ դուք պատրա՞ստ եք սպանդանոց գնալու, թե՞ չէ, ձեր անասունները տանելու, էսօր դանակը ժողովրդին է քերթում»։

Գյուղվարչության պետը հորդորեց իրեն ուշադիր լսել․ նա ասաց, որ Շիրակի մարզում այսօր երկու սպանդանոց է գործում, մեկը Բանդիվանում է։ Բանդվիան անունը լսելով՝ գյուղացիներն է՛լ ավելի հուզվեցին։ «Մենք կարո՞ղ ենք գնալ-հասնել այնտեղ»,- հարցրեցին նրանք։ Գյուղվարչության պետը բացատրեց, որ Բանդիվանի սպանդանոցը գործում է իր գյուղի անասունների համար։

Նա հայտնեց, որ Շիրակի մարզում 8 հայտատու կա, որոնք ցանկություն ունեն սպանդանոց կառուցելու․ մեկը՝ Գյումրիում, երկուսը՝ Արթիկում, Հայկաձորում, Մարալիկում, Արեգնադեմում։ Նրանք ծանոթացել են պայմաններին, վարկ են վերցրել` սպանդանոց կառուցելու։ Ըստ գյուղվարչության պետի, մի օրում կառուցել հնարավոր չէ։ 8-ից երեքը թույլտվություն են ստացել, նրանք կկառուցեն Հայակաձորում, Արթիկում, Արեգնադեմում։
«Ուզենք-չուզենք պիտի կառուցենք սպանդանոց, առաջին օգուտն այն է, որ Շիրակի մարզի անասնագլխաքանակի ուղիղ 60 տոկոսը բրուցելոզով հիվանդ է, հիվանդությունը կվերանա»,- ասաց գյուղավարչության պետը։

«Մեզ հետ հաշվի նստե՞լ եք, որ սպանդանոց եք կառուցում, գյուղացին որ կովը վարկով բերել է, հիմա ո՞ր մեկի փողը տա»,- նեղսրտում էին գյուղացիները։

Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք չեն կարող Արմավիր տանել անասուններին սպանդանոց, 80-90 կիլոմետր է, ահավոր ծախսեր են նստում իրենց վրա, ստիպված են վճարել թե՛ մորթի ծախսը՝ 5000 դրամ, թե ճանապարհածախսը։

«Մեր պահանջն է` չեղարկվի, եթե վաղը հարցին լուծում չտրվեց, մյուսը օրը այս ճամփեն անժամկետ փակում ենք։ Թող Ազգային ժողովը հաշվարկ անի մի հատ՝ ինչքա՞ն է օգուտ է ստանում գյուղացին անասուն պահելուց։ Իրանց համար քնին, ելնին , բան կորոշեն, ոչ մի գյուղացու հետ չի քննարկվել այս հարցը։ Խարկովը դատարկեցիք պրծաք, էս գյուղերն էլ դատարկեք պրծեք»,- զայրացան գյուղացիները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031