Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է վախենում թվացյալ հակահեղափոխությունից. հլը թող մի հատ փորձվեն». «Իմ քայլի» պատգամավոր

Հունվար 20,2020 16:34

ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլի» պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի օրինագիծը տարակարծության առիթ է տվել անգամ «Իմ քայլի» պատգամավորների շրջանում: Խոսքն այն մասին է, որ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ քաղաքացիները 25 000 ստորագրություն հավաքելու դեպքում կարող են որեւէ օրինագիծ բերել ԱԺ: Գործող իրավակարգավորումը սահմանում է 50 000 թվաքանակը, եւ, ինչպես Համազասպ Դանիելյանը համոզմունք հայտնեց, այդ թիվը քաղաքացիներին թույլ չի տալիս նման նախաձեռնություն իրագործել, իսկ որոշ երկրներում շեմն իջեցվել է հենց այդ նկատառմամբ:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Միքայել Զոլյանի մտավախությունը հետեւյալն էր. «Օրինակ՝ որեւէ մշակույթի գործիչ, որն ունի մեդիառեսուրս, արհեստականորեն կարող է հավաքել 50 000-ը, ուստի այդ թիվը պահել է պետք: Կողմ եմ օրինագծին, բայց արդյոք այն չի՞ հանգեցնի պոպուլիստական նախաձեռնություններին, որոնք կխանգարեն, ասենք, որեւէ արտաքին քաղաքական հարցում»: Համազասպ Դանիելյանն արձագանքեց, որ պոպուլիստական նախաձեռնությունների դեմ պատգամավորների հակազդեցությունն իրենց քվեն է:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն «Իմ քայլի» այս օրինագիծը պաշտպանում է. «Իսկ ո՞վ է ասել, որ մեկ պատգամավորի ձայնն ավելի կարեւոր է, քան 50 000 ՀՀ քաղաքացունը: Ո՞վ է ասել, որ 50 000 քաղաքացիները չեն կարող գտնել այդ մեկ կամ երկու պատգամավորին, որի միջոցով այդ օրինագիծը կարող են ներկայացնել ԱԺ-ին: Մենք խորհրդարանում ենք, որ ժողովրդի ձայնը ներկայացնենք: Հասկանում եմ Միքայել Զոլյանի մտավախությունը, որ կարող են խիստ պոպուլիստական նախաձեռնություններ լինել, որոնք 100 000 ստորագրություն կհավաքեն, բայց դրա դեմ պայքարելն անիմաստ է, որովհետեւ հաստատ կգտնվի պատգամավոր, որի միջոցով դրանք կներկայացվեն: Վերջնական ձայնը, սակայն, խորհրդարանինն է»:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ դեմ էր օրինագծին. «Նախորդ իշխանությունը չի գնացել այս կարգավորմանը, որովհետեւ ընդդիմախոսները հեշտ կարող էին անհրաժեշտ ստորագրությունները հավաքել, ինչը կարող էր իշխանության քաղաքական օրակարգը տակնուվրա անել: Կարծում եմ՝ մի քիչ շատ ենք միամիտ: Այս կարգավորումից օգտվելու են հակահեղափոխական քաղաքական շերտեր: Չի բացառվում, որ սքողված եւ այլ ճանապարհներով կփորձեն շրջանառել օրինագծեր հայտնի քաղաքական նախկինները»:

«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասվածի հետ չհամաձայնեց. «Ինչո՞ւ չէ: Ժողովրդավարությունից ենք խոսում, գործիքակազմ պետք է կիրառենք: Պարոն Բաբաջանյան, այս դահլիճում ո՞վ է վախենում թվացյալ հակահեղափոխությունից: Ի՞նչ է նշանակում՝ «բա որ սրանից օգտվեն»…հլը թող մի հատ փորձվեն, տեսնենք՝ կարո՞ղ են 25 հոգու գտնել, որ նախաձեռնությամբ հանդես գան, որ դրանից հետո էլ փորձեն 50 000 ստորագրություն հավաքել: Մենք էլ այստեղ քնե՞լ էինք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    37 թվականների հոտ է փչում…..Վարդանյան Վլադիմիր….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031