Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն, որ այս մեկ տարվա ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչների սպանությունները մտահոգիչ են՝ միանշանակ, մտահոգիչ են». Քրիստինե Պողոսյան

Հունվար 20,2020 16:03

«Այն, որ այս մեկ տարվա ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչների սպանությունները մտահոգիչ են՝ միանշանակ, մտահոգիչ են: Դա առաջին հերթին պետք է հենց ուժային կառույցներին մտահոգի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր նախկինում են պաշտոն վարել եւ հիմա են կրում այդ պաշտոնը: Առաջին հերթին իրենք պետք է շահագրգիռ լինեն այս դեպքերը բացահայտեն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Կուտոյանի մահվան հանգամանքները եւ այն դետալները, որոնք ներկայացրեց ՔԿ-ն, մի շարք հարցեր է առաջացրել: Հարցին՝ դուք ի՞նչ բացատրություն եք դրանց տալիս, օրինակ, ինչո՞ւ դեկտեմբերին, երբ Գեորգի Կուտոյանը բազմաբնակարան շենքում 35 կրակոց էր արձակել, ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել, կամ ինչպե՞ս է ստացվել, որ հարեւանները ոչ մի ձայն չեն լսել ու չեն ահազանգել իրավապահներին՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց, որ իսկապես տարօրինակ է, որ դեկտեմբերին հնչած այդքան կրակոցների մասին բնակելի շենքում որեւէ բողոք չի եղել. «Տարօրինակ է, որովհետեւ բազմաբնակարան շենքում, ինչքան էլ ատրճանակի տեսակն ավելի ցածր ձայն ունենա, քան մյուսները, այդ ձայները միանշանակ պետք է լսվեին: Ես համոզված եմ, որ մանրամասն քննություն կընթանա: Եթե ինքնասպանություն է եղել, ես չեմ բացառում որեւէ վարկած, ապա պետք է պարզ հասկանալ, թե ինչ հոգեվիճակ ու ինչ քայլեր կարող էին մարդուն դրդել ինքնասպանության: Արդյոք այստեղ միայն ինքնասպանությո՞ւն է եղել, թե՞ ինքնասպանության դրդում, վստահ եմ, որ բազմակողմանի քննություն կընթանա ու հանրությունը կստանա հուզող հարցերի պատասխանը»:

Հարցին՝ եթե հիմա ընդունենք նախնական վարկածը՝ ինքնասպանության հասցնելը,  կամ այն, որ վերջին շրջանում ուժային կառույցների ղեկավարները տարօրինակ մահ են արձանագրում, այս շղթայի մեջ նայենք, հարցեր են առաջանում, առաջին վարկածի դեպքում, փաստորեն, ազգային անվտանգությունը հանձնված է եղել մի մարդու, որը հոգեպես կարող էր անհավասարակշիռ վիճակի մեջ հայտնվել ու ինքնասպանություն գործել, մտահոգության տեղիք չի՞տալիս այս ամենը՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Մտահոգության տեղիք միանշանակ տալիս է, բայց ես ինձ երբեւէ իրավունք չեմ վերապահի մասնագիտական որակավորում տալ մարդու հոգեկան վիճակին, որովհետեւ դեռ այս պահին ոչ ոք չգիտի, թե ինչ է եղել, միանշանակ եզրակացություն էլ չկա ՔԿ-ի կողմից: Ես ինձ իրավունք չեմ վերապահի մասնագիտական եզրակացություն տամ, բայց որ այս պատմությունը շատ մութ անկյուններ ունի եւ շատ հարցեր ունի, որոնց պետք է անպայման պատասխան տալ՝ միանշանակ»:

Կարո՞ղ է կապվել Կուտոյանի մահը նախկին իշխանությունների հետ՝ հաշվի առնելով, որ նա մեծ տեղեկատվության կրող էր եւ Գորիկ Հակոբյանից հետո փաստացի իրեն էր փոխանցվել ողջ տեղեկատվությունը՝ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի եւ այլ արյունալի իրադարձությունների հետ կապված: Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես նման որակավորումներ երբեք չեմ կարող տալ, որովհետեւ անհիմն որեւէ մարդուն մեղադրելը իմ համար, իմ աշխարհայացքի տեր մարդու համար անընդունելի է: Եթե որեւէ մեկը դրա հետ կապ ունի, ես հույս եմ պահում, որ այն իշխանությունը, որ մենք ունենք եւ այն ուժային կառույցները, որ հիմա մեր իշխանության ներքո աշխատում են, նրանք ամբողջությամբ իրենց աշխատանքը ճիշտ կկատարեն ու բոլոր մարդիկ, անկախ նրանից, թե ով կլինի, եթե որեւէ մարդու կյանքի ընդհատման համար պատասխանատվություն են կրում, նրանք պատասխան կտան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031