Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ կրկին գնալ ծննդաբերելու». պատգամավորների երկխոսությունը ծիծաղ առաջացրեց դահլիճում

Հունվար 20,2020 14:55

ԱԺ նիստում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում պարտադիր կերպով նշել նաեւ նրա սեռը:

ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց. «Խնդիրն այն է, որ ծննդյան վկայականի թարգմանության ժամանակ արտերկրում մեր քաղաքացիներն ունենում են խնդիրներ, քանի որ չկա ամրագրված սեռը: Մեր լեզվում չկա հնարավորություն նկարագրելու սեռն ազգանվան վերջավորությամբ, ինչպես օրինակ ֆրանսերենում է»:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանն էլ մեկ այլ խնդիր մատնանշեց. երբ ինքը փաստաբանական գործունեությամբ էր զբաղված, առնչվել է դեպքի, երբ զինկոմիսարիատից զանգել են ՀՀ քաղաքացու մորը եւ ասել, որ որդին ներկայանա, մինչդեռ զավակն աղջիկ է եղել. նրա անունը կրում են թե աղջիկները, թե տղաները:

Օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը այլ խնդրի մասին բարձրաձայնեց՝ մայրը նորածին երեխայի հետ ծննդատնից ստիպված է լինում գնալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ. «Ասում են՝ ԶԱԳՍ-ում երեխային պետք է կենդանի տեսնեն: Ո՞րն է խնդիրը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասվածի առիթով ելույթ ունեցավ՝ նախ ասելով, որ երկու երեխայի մայր է. «Վերջին անգամ 2007թ.-ին եմ եղել ծննդատանը, եթե դրանից հետո բան է փոխվել…վստահ եմ, որ չի փոխվել: Երեխային գրկելու եւ զագս գնալու անհրաժեշտություն երբեւէ չի եղել»:

Մելքումյանը տեղից պնդեց՝ «եղել է»:

Լուսինե Բադալյանը շարունակեց, որ չի եղել. «Ես երբեք չեմ եղել որեւէ բյուրոկրատական քաշքշուկի մեջ, որովհետեւ բոլոր հարցերով զբաղվել է երեխայի հայրը: Այսինքն, ծննդատնից տեղեկանք ես վերցնում եւ գնում ԶԱԳՍ, գրանցում երեխայի անունը եւ փաստաթուղթը բերում ծննդատուն ու երեխային դուրս տանում»:

Մելքումյանը կրկին համաձայն չէր. «Ես կարող եմ հիմա մի հատ «էքսպերիմենտ» անել»: Լուսինե Բադալյանն էլ ժպտալով արձագանքեց. «Ես կարող եմ կրկին գնալ ծննդաբերելու, խնդիրը դա չէ, բայց…»: Նիստերի դահլիճում ծիծաղ լսվեց: «Բյուրոկրատիա, իհարկե, կա, դա տհաճ է, բայց ծննդկանն ու նորածինը երբեւէ չեն խառնվել դրան: Այո, պետք է գործընթացն ավտոմատացնել, բայց ծննդկանը չի գնում որեւէ տեղ: ԶԱԳՍ-ի աշխատակիցը իրավասություն չունի նորածնին տեսնելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031