Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից եւ հարկերից ազատելու մասին նախագծով եւ արտոնություններ են սահմանվում, եւ սահմանափակումներ:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն «Արմենպրեսի» մամուլի սրահում մանրամասներ ներկայացրեցին:
Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ այս պահին գործող կարգավորման համաձայն, եթե անձը հինգ տարի բացակայել է Հայաստանից՝ ստանում է որոշակի արտոնություններ՝ ՀՀ մշտական բնակության վերադառնալու ցանկության դեպքում. «Բայց այստեղ կա մի նրբություն, որը օրենքի տառացի մեկնաբանության դեպքում հայրենադարձների մոտ առաջացնում է որոշակի խնդիրներ: Անձը նախ պետք է այստեղ հաշվառված չլինի: Հինգ տարվա սահմանափակումը երեք ենք սահմանում»:
Նախատեսվող մյուս փոփոխությունն էլ վերաբերում է արտագաղթած ՀՀ քաղաքացիներին: Այս քաղաքացիները, որոնք մեկնել են Հայաստանից, բայց ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ-ում գույք, սեփականություն, հաշվառված են ՀՀ-ում, երբ վերադառնում են, ինչպես ասաց պատգամավորը, խնդիրներ են ունենում, նրանք համարվում են այստեղ բնակվող: Այս մասով, ըստ Գաբրիելյանի, փոփոխություն են սահմանում. «Հիմա մենք նշում ենք՝ եթե անձը երեք տարի անընդմեջ, մշտապես չի բնակվել ՀՀ-ում, կհամարվի հաշվառումից դուրս եկած եւ կօգտվի արտոնությունից: Խոսքն անձնական իրերի մասին է եւ մեկ տրանսպորտային միջոցի»:
Կարդացեք նաև
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ եթե ունի ավտոմեքենա՝ կարող է օգտվել այս արտոնությունից եւ առանց մաքսազերծման ներմուծել մեքենան, բայց այդ մեքենան պետք է իր անունով լինի՝ ՀՀ վերադառնալուց առնվազն վեց ամիս:
Ասուլիսին ներկա ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն էլ ասաց՝ այս արտոնություններից ՀՀ վերադարձող յուրաքանչյուր անձ իրավունք ունի օգտվել մեկ անգամ:
Մեկ այլ արտոնություն էլ նշեց ՊԵԿ փոխնախագահը՝ ՀՀ-ից մեկնած քաղաքացիները, որոնք ասենք՝ դրսում են որոշակի ժամանակ, կարող են մեկ անգամ հինգ հազար եվրոյի արժողության ապրանք ներմուծել ՀՀ՝ առանց մաքսազերծման: Այս արտոնությունը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ից բացակայել են մեկ տարուց ավելի, ապա որոշել են վերադառնալ ՀՀ. «Այս արտոնությունից երեք տարին մեկ քաղաքացիները կարող են օգտվել»:
Ներսիսյանը նաեւ նշեց՝ այս արտոնությունից օգտվելը դյուրին կլինի, առավելագույնը պարզեցրել են, վարչարարությունն եւ փաստաթղթերի պահանջները մեղմացրել:
Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները փորձում են չարաշահումներով, կեղծիքներով օգտվել արտոնությունից, որպեսզի առանց մաքսատուրք վճարելու ապրանք ներմուծեն:
«Վերջերս մի տարեց կին, 80-ն անց, Վրաստանից Հայաստան էր վերադառնում մշտական բնակության, եւ իր հետ 2019 թվականի Բենթլի էր բերում, եւ երկու երիտասարդների լիազորել էր, որպեսզի զբաղվեն իր հարցերով: Այսպիսի բաներ էլ են լինում, ու նման դեպքերում վարչարարությունը խիստ է լինում: Եթե մեզ չեն խաբում, մենք մեր քաղաքացիների կողքին ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ