Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով սահմանադրական նախատեսվող փոփոխությունների մասին, ուշագրավ գնահատական տվեց:
Նա նախ ասաց, որ դեռեւս տեղյակ չէ, թե արդարադատության նախարարությունն ինչպիսի մարտավարություն է ընտրել՝ հանձնաժողովում «Իմ քայլի» ներգրավվածության առումով, բայց, իհարկե, մասնագիտական հանձնաժողովում, աշխատանքային խմբում «Իմ քայլը» ներկայացված կլինի ու խմբակցության տեսակետը կարտահայտի:
Նա ենթադրում է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները ներկայացված կլինեն:
Հարցին՝ ՀԱԿ-ը կոչ է անում վերադառնալ կիսանախագահական համակարգին, դուք կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Բոլոր այն հարցերը, որոնք աշխատանքային խմբի անդամների մոտ կառաջանան, այդ բոլոր հարցերը կդրվեն սեղանի վրա ու կքննարկվեն իրենց փաստարկներով ու հակափաստարկներով: Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ հարցին ի պատասխան՝ սուպերվարչապետական համակարգին անդրադարձ կլինի՞՝ Մակունցը նախ ճշտեց՝ եթե դուք ձեւակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով… Լրագրողներն ասացին՝ այն, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ՝ Մակունցը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով, ստիպողաբար ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ: Մենք այսօր նման բան չունենք»:
Լրագրողները ճշտեցին՝ վարչապետի լիազորությունների փոխանցման մասին է խոսքը՝ Մակունցը արձագանքեց. «Դուք ասում եք ինչ նկատի ուներ վարչապետը, ես ասում եմ, թե ինչ նկատի ուներ»:
Ըստ Մակունցի, մենք առաջ ունեինք ընդդիմություն, որն իր լիազորություններով ու գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր. «Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր: Առանձին գերատեսչությունների մասով մենք ունենք թեկնածուներ, որոնք առաջադրում է ընդդիմությունը, իսկ նախկինում դա չի եղել: Այսինքն, այն, ինչ մենք անվանել ենք սուպերվարչապետական համակարգ, մենք դրանով բոլորովին չենք սպասում, որ կոնկրետ ինչ-որ աշխատանքային խումբ ձեւավորվի: Դրա հետ կապված մենք քայլեր ձեռնարկենք: Ամենօրյա մակարդակով մենք փորձում ենքն հնարավորինս բալանսավորել իշխանությանը»:
Մեր հարցին՝ ինչո՞վ է ուժեղ այսօրվա ընդդիմությունը, երբ դուք փաստացի ցանկացած նախագիծ կարողանում եք անցկացնել՝ միայն ձեր քվեարկությամբ՝ Մակունցը պատասխանեց. «Ես կարող եմ մասնավորապես մեկ օրինակ բերել՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը ընտրվել է ընդդիմության թեկնածուն, այն, ինչ նախկինում վստահաբար տեղի ունենալ չէր կարող: Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը բացարձակապես շահագրգռված չէ ունենալ որեւէ ազդեցություն ոչ միայն Հակակոռուպցիոն մարմնի վրա, այլեւ այն բոլոր մարմիների առնչությամբ, որոնք արդարադատության առումով կայացնում են որոշում»:
Մակունցը չպատասխանեց՝ հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հանել այն կոստյումը, որը կարվել էր Սերժ Սարգսյանի հագով, թե՞ չի պատրաստվում:
Թեեւ Մակունցը Փաշինյանի խոսքի իր մեկնաբանությունն է տալիս, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2018-ի մայիսի 1-ին վարչապետի թեկնածու էր ու ԱԺ-ում պատասխանում էր պատգամավորների հարցերին, սուպերվարչապետական համակարգի մասին ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանի հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես կարծում եմ, որ այն պարագան, երբ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը: Եվ այո, ես հանձնառու եմ, էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները»:
Վարչապետը նաեւ ասել էր՝ «Միանշանակ է, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ։ Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական եւ հնարավոր է նաեւ սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են։ Ես կարծում եմ, որ այո՛, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»:
Ահա թե ինչ էր հասկանում Նիկոլ Փաշինյանը՝ սուպերվարչապետական համակարգ ասելիս, երբ ընտրվում էր վարչապետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ