Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմեն Թավադյանն իր վրա է կրում այս ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը». Արմեն Աշոտյան

Հունվար 20,2020 13:59

«Արմեն Թավադյանի կալանավորումը բոլոր առումներով ազդել է «5-րդ ալիք»-ի գործունեության վրա: Մենք ունենք նախագծեր, որ պիտի սկսեինք, բայց կանգնեցրել ենք, որոշները դադարեցրել ենք»,- Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրի բակում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ցույցին հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը:

Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Ցույցի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արմեն Թավադյանին։ Ազատություն կոչերով նրանք այս պահին կանգնած են դատարանի բակում «Ընտրովի արդարադատություն», «Նոր Հայաստան քաղբանտարկյալների երկիր» խորագրերով պաստառներով:

Հարություն Հարությունյանն ասաց, որ այսօրվա դատական նիստից ակնկալիք չունի: Լրագրողները փաստեցին, որ միջնորդություն է ներկայացված ազատ արձակել Արմեն Թավադյանին, Հարություն Հարությունյանն ասաց՝ շշուկներ է լսել, թե հանձնարարություն կա, որ մերժեն միջնորդությունը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝ Արմեն Թավադյանի դեմքով եկել է աջակցելու ՀՀ-ում մամուլի ազատությանը. «Ոչ միայն ես եմ եկել, այլև եկել են իմ կուսակից տասնյակ ընկերներ, երիտասարդներ, քաղաքական գործիչներ: Հատկապես վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլախոհության նկատմամբ: Այսօր Արմեն Թավադյանն իր վրա է կրում այդ ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը: Հերթական սարքած շինծու գործն է: Տարօրինակ է 28 օրվա ազատազրկումը: Այս իշխանությունները նախնական կալանքն իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի և «5-րդ ալիքի» հետևից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս մեկուկես տարվա ընթացքում, բայց այդ դրսևորումները պարզապես զարհուրելի են»:

Արմեն Աշոտյանը հավաստիացրեց՝ պետք լինի 10.000-ներով կհավաքվեն. իրենց լռեցնել չի ստացվի: Նա վստահեցրեց, որ այս իշխանությունները զբաղված են միայն պոպուլիստական հայտարարություններ անելով: Այնուհետև շարունակեց. «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, խոսեցրեք աներձագին կամ կարդացեք ՀԺ-ի վերջին խմբագրականը: Այդպես չի լինելու, սա բացարձակապես կապ չունի նրա հետ, որ պաշտոնի կռիվ ենք տալիս, կամ ռևանշիստ ենք: Ոչ մի պաշտոն չեմ ուզում, ուզում եմ, որ իմ երկրում լինի իշխանություն, որն ադեկվատ է երկրին սպառնացող վտանգներին, որ ի վիճակի է ցավակցական ուղերձ ուղարկել և գալ հոգեհանգստի կամ թաղման շատ բարձրաստիճան պաշտոնյայի, որ ողբերգական մահ է ունեցել: Ես նման իշխանություն եմ ուզում»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ակնկալում է՝ մի օր և շուտով դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունն առաջնային կարևոր հարցեր են մեր պետության համար: Նա հավաստիացրեց՝ վերադարձ անցյալին՝ 37 թվին, չի լինելու, և ՀՀ-ում չի լինելու մեկ մարդու իշխանություն: Այնուհետև եզրափակեց. «Եթե կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է ջլատել մեզ, ապա մենք չենք հոգնում, մեր կամքն անսահման է, մենք պայքարելու ենք վաղվա ժողովրդավար Հայաստանի համար»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն էլ հայտարարեց՝ «նոր Հայաստանում» շատ հաճախ ականատես ենք լինում նրան, որ դատավորները կայացում են պարտավորված վճիռներ: Այնուհետև ասաց. «Հույս ունեմ, որ այս դատավորը կկարողանա իր մեջ ուժ գտնել և ճիշտ որոշում կկայացնի: Սակայն պնդել չեմ կարող, որ դա կլինի այդպես: Այս իշխանությունների համար ազատ խոսքը մեծ խնդիր է դարձել, ուզում են, որ ոչ ոք չտեսնի, որ բան չեն անում»:

Եզրափակելով՝ Արա Վարդանյանն ասաց, որ նման կերպ հարցերը չեն լուծվում. «Կարող եք բոլորիս նստեցնել, մենք չենք խանգարում ձեզ, որ երկիրը կառավարեք, դուք ինքներդ եք ձեզ խանգարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031