Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ. Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարությունը Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների վերաբերյալ. Ermenihaber

Հունվար 20,2020 13:04

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործերով դատավարություններին: Պատրիարքարանը գոհունակություն է հայտնել Բալըքչըի սպանության գործով կայացված դատավճռի կապակցությամբ բայց և նշել, որ Դինքի սպանության հարցում արդարության որոնումները դեռևս արդյունք չեն տալիս:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն զինծառայության ժամանակ՝ 2011-ի ապրիլի 24-ին, սպանվել էր իր ծառայակից Քվանչ Աղաօղլուի կրակոցից: Վերջինս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Պատրիարքարանի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը:

Չնայած այս որոշումով հնարավոր չէ հետ բերել Սևակին՝ այնուամենայնիվ հանցանքի արձանագրումն ու արդարադատության կողմից հանցագործին արժանի պատիժ տալը մեր երկրի արդարադատության համակարգի համար հուսադրիչ է:

Այս արդյունքի համար շնորհավորում ենք Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար մղեցին:

Այս արդյունքը շատ կարևոր է այն առումով, որ այսուհետև այս երկրում ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, կփոխեն իրենց համոզմունքը: Այս առիթով ևս մեկ անգամ մեր աղոթքն ենք հղում դեպի երկինք Սևակ Բալըքչըի հոգու հանգստության համար և Աստծուց մխիթարություն հայցում նրա ընտանիքի ու բարեկամների համար:

Այն հույսով, որ Հրանտ Դինքի դատավարության մասով ևս նման որոշում պետք է կայացվի, նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք արդարության մեր պահանջը:

Այն համոզմամբ, որ արդեն ժամանակն է, որ ամբողջ աշխարհի աչքի առջև շարունակվող արդարության այս որոնումն ավարտվի, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ և ցանկանում ենք հուսալ, որ այս դատավարության արդյունքում կայացվելիք որոշումը հպարտության առիթ լինի Թուրքիայի արդարադատության համար:

Սիրելի Հրանտի մահվան օրը՝ հունվարի 19-ին, մեր բոլոր եկեղեցիներում աղոթք պետք է հղենք առ Բարձրյալ՝ հանգուցյալի հոգու հանգստության համար: Այս առիթով սգակիր կնոջը՝ Ռաքելին, երեխաներին և եղբայրներին հայտնում ենք մեր ցավակցությունը և մխիթարական աղոթքները»:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031