ԱԺ նիստում այսօր քննարկվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում» փոփոխություն կատարելու օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Օրինագծի հեղինակ, ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց՝ առաջարկում են օրենքի գործունեությունը երկարաձգել, ասել է թե՝ 27 տարին լրացած եւ չծառայած քաղաքացիներին շարունակել հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ, վճարել սահմանված գումարը եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Գոնե պետք էր 2020թ.-ի ընթացքում հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ, քանի դեռ այլ առաջարկ չկա: Փաստացի, այսօր 27 տարին լրացած քաղաքացին վերադառնալով ՀՀ՝ միանգամից ենթարկվելու է քրեական հետապնդման, չկա մեխանիզմ՝ այդ քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու, հետեւաբար՝ նրանք չեն վերադառնալու: Քանի դեռ խաղի նոր կանոններ չկան, առաջարկում ենք այս օրենքի ժամկետը երկարաձգել»,-նշեց Գորգիսյանը:
Ելույթի վերջում Գեւորգ Գորգիսյանը նաեւ ասաց՝ երեկ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան տարելիցն էր. «Շնորհակալություն այն պետական այրերին, որոնք ինչ-որ կերպ հիշատակեցին այդ փաստը»:
Այնուհետեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը պարզաբանեց, թե հանձնաժողովում ինչու են բացասական եզրակացություն տվել ԼՀԿ-ի նշյալ օրինագծին. «Այդ օրենքը դարձել է բանակից խուսափելու շատ հետաքրքիր օրենք, որը, երբ վերջին անգամ երկարաձգում էինք, ասում էինք, որ դա վերջինն է: Հիմա պարոն Գորգիսյանն ասում է, որ հանձնաժողովում ասել ենք, թե մինչեւ տարեվերջ լուծում կտանք: Նման բան չի եղել, ասել ենք, որ խնդիր կա, որը պետք է լուծվի: Բայց մարդկանց անընդհատ հույս տալ, որ այս օրենքով անընդհատ կարող են զինծառայությունից խուսափել, այլեւս չի լինելու: Զինծառայությունը պարտադիր է, բայց կան նաեւ մարդիկ, որոնք չեն ուզում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ տալ ու վերադառնալ: Եկեք բաց խոսենք այս մասին: Կարծում եմ՝ պետք է դեմ քվեարկենք»:
Կարդացեք նաև
Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց. «Օրինագիծը միտված չէ բանակից խուսափելը խրախուսելուն: Հակառակը, միտված է սփյուռքից ներգաղթին: Հանձնաժողովում խոստացվել էր, որ քննարկումներ կլինեին, որոնք չեղան, ես էլ լուծումներ էի ուզում առաջարկել: Միայն մի օրինագիծ դրվեց շրջանառության մեջ, հետո՝ հանվեց, եւ հիմա որեւէ լուծում չունենք, քաղաքացիների օբյեկտիվ սպասումները չեղարկված են»:
Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հակադարձեց Գորգիսյանին. «Գույները շատ եք ուռճացնում եւ խառնում իրար: Հեղափոխություն տեղի ունեցավ, եւ կային մարդիկ, որոնք դեռ 27 տարեկան չէին եւ ուզում էին վերադառնալ, բայց չեկան, որովհետեւ նախընտրեցին, որ 27 տարին լրանա, որից հետո միայն գան ու չծառայեն: Այո, սա բանակից խուսափելու օրենք է»:
Ի վերջո, «կողմ» քվեարկեց 38, իսկ «դեմ»՝ 79 պատգամավոր, հետեւաբար՝ օրինագծի քննարկումը չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
Հիշեցնենք, որ այժմ 27 տարին լրացած եւ չծառայած անձանց վերաբերյալ գործող օրենք չկա: Գալով ՀՀ՝ նրանք այլեւս չեն կարող վճարել սահմանված գումարը, ինչպես նախկինում էր, եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ