Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Թավադյանը մեր ընկերն, մեր հարազատն է, բնականաբար չէի կարող չգալ». Լևոն Քոչարյան

Հունվար 20,2020 12:50

«Արմեն Թավադյանը մեր ընկերն, մեր հարազատն է, բնականաբար չէի կարող չգալ»,- Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրի բակում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ցույցին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նշենք, որ ցույցի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արմեն Թավադյանին։ Ազատություն կոչերով նրանք այս պահին կանգնած են դատարանի բակում «Ընտրովի արդարադատություն», «Նոր Հայաստան քաղբանտարկյալների երկիր» խորագրերով պաստառներով:

Լևոն Քոչարյանն ասաց, թե այն, ինչ կատարվում է՝ հասկանում են բոլորը:

Հարցին՝ Արմեն Թավադյանի՝ անազատության մեջ պահելն ավելի շատ կապված է նրա հետ, որ նա Ռոբերտ Քոչարյանի աջակի՞ցն է , թե՞ մամուլի ազատության դեմ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Երևի թե երկուսը միասին, բայց ավելի շատ արդեն ես կարծում եմ՝ մամուլի հետ կապված է: Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորել են կոնկրետ հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների, «Թիվի 5»-ն էլ դրանց մեջ է: Այս միջոցով փորձում են ճնշել մամուլին»:

Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Դիտարկմանը՝ այս գործով մյուս մեղադրյալի կալանքը փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, այստեղ կոնկրետ միտում տեսնո՞ւմ է, Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Դա շատ բնական հարց է առաջացնում: Եթե կոնկրետ անձ կա տեսանյութում և փաստացի նա ազատության մեջ է, ուստի ինչո՞ւ է Արմեն Թավադյանը կալանավորված: Ես կոնկրետ միտում եմ տեսնում: Տեսանյութը սեպտեմբերին էր, և այնտեղ տեսնում ենք՝ զենք կա դրված: Քանի ամիս սպասելու և նոր գործողություններ անելու իմա՞ստը, եթե զենք են տեսնում, վտանգավոր է, չէ՞: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունեմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գեորգի Կուտոյանին ճանաչո՞ւմ էր, ի՞նչ կասի նրա մահվան մասին, Լևոն Քոչարյանն ասաց, որ նրան չի ճանաչում:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից Արմեն Թավադյանի գործով, քանի որ միջնորդություն է քննվում Արմեն Թավադյանին ազատ արձակելու հետ կապված, Լևոն Քոչարյանը նշեց, որ կան պարկեշտ, խիզախ դատավորներ, սակայն կոնկրետ այս դատավորի հետ կապված վատ նախադեպ ունեն, ուստի առանձնապես սպասելիքներ չունի:

Հարցին՝ երկրորդ նախագահի տեսակցությունները մեկ որդու և մեկ թոռնիկի հետ արգելված են, նորություն կա՞ այս առնչությամբ, Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե այդ հարցը պետք է լուծվի միջնորդությունների միջոցով, սակայն այս ընթացքում դատական նիստերի ընթացքում ավելի կարևոր հարցեր են քննարկվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031