ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փաստեց, որ իր խմբակցության առաջարկած 4 օրինագծերը չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգում՝ քննարկման: «Եթե 3 օրինագծի հետ կապված կարող եմ հասկանալ մերժումը, որովհետեւ այլ փիլիսոփայություն կամ մոտեցում ունեք, ապա Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրինագծի մերժումը չեմ հասկանում»,-նախ նշեց Էդմոն Մարուքյանը, ապա դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, որը հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացնելու ժամանակ գործընկերներին կոչ էր արել «դեմ» քվեարկել օրինագծի՝ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելուն:
«Պարոն Գրիգորյան, Ձեզ մեծ ապագա է սպասվում, որովհետև այն էներգետիկան, էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելու կոչ անելու հարցում, ապշած եմ ուղղակի: Ասում եք՝ «այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք», այսինքն՝ մենք ցնծա՞նք դրանից, ուրախանա՞նք, որ բովանդակային քննարկել եք մեր օրինագիծը»,-դիմելով Սուրեն Գրիգորյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը, ապա անդրադարձավ կառավարությանը,-«ՍԴ-ն ասում է, որ այս օրենքը պետք է փոխվի, որովհետեւ հակասահմանադրական է: Մենք էլ փոխեցինք, բայց կառավարությունն ասում է՝ «ճիշտ ա, պտի փոխվի, բայց մենք ենք ուզում անենք»: Մենք էլ ասում ենք՝ ի՞նչ տարբերություն…վիճակագրությո՞ւն եք գողանում…Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք»:
Մարուքյանը շարունակեց. «Ձեր վիճակն առանց այդ էլ անցած տարի լավ չէր: Իշխանությանը նկատի ունեմ: Դուք վատթարացնում եք ձեր վիճակը նման բաներով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ