«Դուք բոլորդ գիտեք 2015-ին ինչ կատարվեց Ծառուկյանի, Բարգավաճի գլխին: Հիմնականն այն խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական: Ես առաջարկում էի, ասում էի՝ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի եւ ինչ կատարվեց իմ թիմի հետ, բոլորդ էլ գիտեք: Միայն դեմ էի ես, հիմնականում ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց: Կալանավորվեցին 639 իմ ակտիվիստներից՝ մեկ օրվա մեջ: Ես նայելով՝ ասեցի՝ ասենք թե, եթե այդպես է, ես կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական նախաձեռնվելիք փոփոխությունների մասին:
Նա ասաց, որ երբ իշխանությունները կներկայացնեն նախատեսվող փոփոխությունները, կծանոթանան, նոր իրենց դիրքորոշումը կհայտնեն, առաջարկներ կանեն:
Մենք Ծառուկյանից հետաքրքրվեցինք՝ մամուլում հրապարակումներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ընդդիմադիր բեւեռ է պատրաստվում ձեւավորել ու պարզ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները պետք է խլի, դուք այստեղ մտահոգություն չունե՞ք՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ոչ մի մտահոգություն չունեմ: Այսօր խլելը ո՞նց է, կարող է գա Ծառուկյանի ձեռից բա՞ն վերցնի: Թող լիարժեք աշխատի, ներկայացնի, հանրությունն է, ժողովուրդն է, ով ցանկանա՝ իրենք ընտրություն կանեն, ըստ այդմ պարզ կլինի»:
Հարցին՝ համագործակցություն հնարավո՞ր է Վանեցյանի հետ՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այդպիսի խոսակցություն չի եղել: Խոսակցություն կար, որ գալիս է Բարգավաճ եւ այլն…այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել, եւ այդ մասին ինքն էլ է հայտարարել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ