Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական Հայաստանում ծննդատների փակումը՝ պատասխանեց. «Վատ եմ վերաբերվում, քանի որ այսօր մենք ուզում ենք ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի: Եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ ընդհակառակը՝ պետք է պահվի, զարգացվի: Դա անելու բան չի, որ անում են»:
Ինչ վերաբերում է սպանդանոցների խնդրին, Ծառուկյանն ասաց. «Այսօր սպանդանոցներով նույն այդ ծանրությունը թողնում են ֆերմերների վրա, գյուղացու վրա: Ով անասնապահությամբ զբաղվում է՝ նրա վրա: Եթե մարդը պետք է բարձի, տանի, սպանդանոցին գումար վճարի, դա նշանակում է՝ եթե իր կենդանուն հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն մի 50-60 հազար դրամը պիտի…մի 20 հազարը տրանսպորտին տա, 25 հազարը՝ մորթելուն: Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության, անասնապահության համար պետությունը սուբսիդավորում է: Պետք է քայլ կատարվի, սուբսիդավորվի: Մարդը լավ օրից չի, ով 3-4 կով ունի, համարվում է ֆերմեր: Մարդը մորթում է 3 ամիսը մեկ, գոնե իր գոյությունը պահելու համար: Էսօր բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսության վիճակը ծանր է: Էսօր ինձնից լավ գիտեք, մի շիշ ջուրը՝ կես լիտրը արժի 200 դրամ, լիտրը դառնում է 400 դրամ, իսկ կաթը վաճառում են 110 դրամ, 120, 150, այսինքն, մարդը մշակում է, աշխատում է, խնամում է, պահում է, կաթն ավելի էժան է, քան թե ջուրը»:
Հարցին՝ ձեր հետ փոխկապակցված 5 տասնյակ ընկերություններ այս պահին հարկային ստուգման են ենթարկվում, ինչպե՞ս եք արձագանքում՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ թե 5, ասենք, 25-30-ը ստուգումների մեջ են: Առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ կա էդտեղ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ