Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ԱԺ-ի իրավասության սահմանափակում է՝ հօգուտ կառավարության». ԼՀԿ պատգամավոր

Հունվար 20,2020 11:17

ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Այս օրինագծով, հիշեցնենք, ԼՀԿ-ն առաջարկում է հակասահմանադրական ճանաչված դրույթներից մեկը փոխարինել սահմանադրական դրույթով: Դեռեւս նախորդ տարի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել դրույթը, որով գրավը կիրառելի է որպես կալանքին փոխարինող միջոց: Ըստ ՍԴ-ի՝ գրավը պետք է կիրառվի որպես առանձին խափանման միջոց:

ԼՀԿ պատգամավոր, օրինագծի հեղինակ Տարոն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ կառավարությունը չցանկացավ առաջարկներ ներկայացնել իր նախաձեռնության վերաբերյալ, որովհետեւ, ըստ պատգամավորի, գործադիրն ինքն է ուզում օրինագծի հեղինակը լինել:

«Ի վերջո, գործընկերներս սոլիդարություն պահպանեցին կառավարության հետ: Սա ԱԺ-ի իրավասության սահմանափակում է՝ հօգուտ կառավարության»,-համոզմունք հայտնեց Տարոն Սիմոնյանը:

Այս օրինագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության էր արժանացել: Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց. «Չկա օրենսդրական սահմանափակում այն հանգամանքում, որ պատգամավորը կառավարությունից շուտ է ներկայացնում օրինագիծ: Բայց օրենքը եռամսյա ժամկետ է տալիս՝ ՍԴ որոշումների կատարման համար եւ ապահովում ավելորդ շտապողականության չդրսեւորումը: Կառավարության եւ մեր տեսակետն այն է, որ այս օրինագիծը բովանդակային խնդիրներ ունի»:

Սուրեն Գրիգորյանը կոչ արեց «դեմ» քվեարկել: «Դեմ» քվեարկեց 71, իսկ «կողմ»՝ 37 պատգամավոր, հետեւաբար՝ ԼՀԿ-ի այս օրինագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031