2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո Հայաստանը համարվում է անվտանգ երկիր, որտեղից կարիք չկա քաղաքական դրդապատճառներով փախչել
Մեկնում բուժման նպատակով
38-ամյա Կարեն Սարգսյանը (անունը փոխված է) երկու տարի Գերմանիայում ապրելուց հետո, կամավոր վերադարձել է Հայաստան, որպեսզի պարտադրաբար չվերադարձվի միգրացիոն ծառայությունների կողմից։ Կարենն արդեն 12 տարի չի քայլում, տեղաշարժվում է սայլակով։
«2007 թվականին ինձ վիրահատեցին Հայաստանում, ողնաշարիս ուռուցքը հեռացնելիս, բժիշկները վնասեցին ողնուղեղը։ Գերմանիա մեկնեցի բուժման նպատակով եղբորս հետ 2017 թվականի օգոստոսին, վերադարձա երկու տարի անց», – պատմում է Կարենը։
Կարդացեք նաև
«Հանձնվել է» բժշկական փաստաթղթերով, սակայն մերժում է ստացել։ Պատճառաբանել են, որ Հայաստանում կան համապատասխան վերականգնողական կենտրոններ, հետևաբար, կարող է օգնություն ստանալ իր երկրում։
Շատերն են Գերմանիա գալիս ծանր հիվանդություններով։ Սակայն առողջական վիճակը ապաստան տալու հիմք չէ։ Եթե հիվանդին անհապաղ օգնություն է պետք, ապա նրան ընդունում են՝ նաև ժամանակավոր ապաստան են տալիս։ Բայց բուժման ավարտից հետո վերադարձնում են հայրենիք։ Չեն արտաքսում միայն այն դեպում, եթե այդ հիվանդությունը շարունակական միջամտության կարիք ունի, Հայաստանում էլ այն չեն բուժում։
«Երբ մերժեցին, հասկացա որ վտանգ կա դեպորտացիայի, իսկ ես չէի ուզում արտաքսման ենթարկվել։ Կամավոր վերադարձա, որովհետև հնարավոր է նորից մեկնեմ բուժման նպատակով։ Իսկ դեպորտացիայի դեպքում մի քանի տարով մուտքս կարգելվի», – պատմում է Կարենը։
Դեռևս Գերմանիայց Կարենին ուղղորդել են «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ։ Եվ վերադարձից հետո այդ կազմակերպությունը գնահատել է նրա կարիքները և համապատասխան օգնություն ցուցաբերել։
«Վերանորոգեցին լոգարանը, զուգարանը, դուռը փոխեցին հարմարեցնելով սայլակի չափերին, ինչպես նաև սայլակ ու մահճակալ գնեցին», – ասում է Կարենը։
«Հայկական Կարիտաս»-ի «Միգրացիա և զարգացում» ծրագրի սոցիալական աշխատող Վերգինե Գասպարյանը նշում է, որ իրենց դիմում են վերադարձից հետո վեց ամսվա ընթացքում՝ ոչ ուշ։ Այս տարի իրենց դիմել է 56 ընտանիք, 157 անձ՝ հիմնականում Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Հոլանդիայից և Դանիայից։ 39-ը վերադարձել են հարկադիր, վեցը` կամավոր, մնացածը` կամավոր հարկադիր:
«Հիմնականում մեկնելու պատճառները առողջական խնդիրներ են եղել, ու հետ են եկել նույն խնդրով։ Բայց կան նաև մարդիկ, որոնք հնարում են իրենց ախտորոշումն՝ ու գնում: Մենք օգնում ենք իրականում առողջական խնդիր ունեցողներին», – ասում է Վերգինե Գասպարյանը։
«Հայկական Կարիտաս»-ի մեկ այլ՝ «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասում է. աշխատանք փնտրող Հայաստանի քաղաքացիները մուտք են գործում ԵՄ երկրների տարածք տուրիստական վիզայով։ Մուտքը օրինական է լինում, այլ հարց է, թե ինչպես են մնում։
«Այս թիրախ խումբը դիմում է ապաստանի համար, մերժվում է, փորձում է դատարան դիմել, մերժվում է։ Նշանակում է դառնում են ապօրինի միգրանտներ: Ըստ կոնվենցիաների, միջազգային տարբեր փաստաթղթերի փախստականի կարգավիճակ ես ստանում այն դեպքում, երբ քո երկրում արտակարգ իրավիճակ է տիրում, եթե ենթարկվել ես քաղաքական բռնության և այլ ճնշումների:
Հայերն այսօր տնտեսական միգրանտներ են։ Ինչպես երեք կամ հինգ տարի առաջ, գնում են արտերկիր իրենց սոցիալական վիճակը բարելավելու։ Ու եթե անգամ նրանք ասում են, որ ենթարկվել են քաղաքական հետապնդման, դա հնարավոր է պարզել», – ասում է Լուսինե Ստեփանյանը։
Նա բացատրում է, թե ինչու են հետ վերադարձի դեպքերը գնալով աճում։
«Սիրիական հակամարտության ժամանակ Եվրոպան իր սահմանները բացեց միլիոնավոր փախստականների առաջ։ ԵՄ երկրները սկսեցին ավելի ուշադիր քննել ապաստանի գործերն ու, բնականաբար, ավելի խիստ լինել չափորոշիչների հանդեպ: Նրանք ասում են․ հետ ենք ուղարկում տնտեսական միգրանտներին, որպեսզի կարողանանք օգնել նրանց, ովքեր փրկում են իրենց կյանքը»։
Ռեադմիսիան մի ընթացակարգ է, որով երկիրը հետ է ընդունում իր քաղաքացիներին, որոնք միգրացիոն օրենք են խախտել։ ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը 2019 թվականի առաջին եռամսյակում ԵՄ երկրներից ստացել է 1030 հայտ՝ 2045 անձանց մասով։ Բավարարվել է հայտերի 83 տոկոսը։ Այսինքն` ծառայությունը հաստատել է, որ այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են և կարող են վերադառնալ։
Այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերում խնդիր չկա, վերադարձվում են Հայաստան առանց միգրացիոն ծառայությանը զգուշացնելու։ Հետևաբար, նրանց մասին հստակ տվյալներ չկան։ Այդուհանձերձ, 2018-2019 թթ-ին վերադարձվողների կտրուկ աճ է նկատվել։
«Պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են, այսինքն` 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը։ Դրանից հետո Հայաստանը համարվում է ապահով երկիր։ Բացի այդ Հայաստանի շատ քաղաքացիների գործեր, որոնք ունեին փախստականի կարգավիճակ, ու, թվում էր, թե ապահով ապրելու են Գերմանիայում կամ ԵՄ մեկ այլ երկրում, չգիտեին, որ իրենց կարգավիճակը երեք տարին մեկ վերանայվում է։
Շատ հաճախ հետ է վերցվում տրված կարգավիճակը, նրանց հետ են ուղարկում։ Որովհետև այն հիմքերը, որոնց հիման վրա նախկինում տվել էին կարգավիճակը, հիմա չեզոքացված են համարվում» , – ասում է միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Նա բացատրում է, որ եթե նախկինում ապաստան հայցողների գործերը կարող էին ձգձգվել մինչև քսան տարի, ապա այսօր 24 ժամում են որոշումները կայացվում։ Գերմանիայում, օրինակ, միգրացիոն ծառայության ներկայացուցիչը հենց օդանավակայանում՝ հանձնվելու պահին, ուսումնասիրում է տվյալ մարդու գործը։ Եվ ոմանք չեն հասցնում անգամ օդանավակայանից դուրս գալ։
«Մեր քաղաքացիները պետք է իմանան` որպեսզի այնտեղ փախստականի կարգավիճակ ստանան, դրա համար Հայաստանում իրենց կյանքին պետք է վտանգ սպառնա՝ քաղաքական, կրոնական հայացքների պատճառով, կամ պետք է սոցիալական որոշակի խմբի պատկանեն։
Ու ինչո՞ւ է թվում մեր քաղաքացիներին, որ եվրոպացի մեր կոլեգաներն այդքան կտրված են իրականությունից։ Մենք տարին մի քանի անգամ պատվիրակություններ ենք հյուրընկալում, դա կոչվում է ծագման երկրի մասին տեղեկություն հավաքող խումբ։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է գերմանացին հարկ վճարի, որպեսզի ավելի լավ կյանքով ապրելու երազանք ունեցող հայն անվճար ուտի, խմի, կացարան ունենա», – ասում է Նելլի Դավթյանը։
Վերադարձվողներին երկրից հանում են հաճախ գիշերով, թույլ չտալով անգամ իրեր վերցնել իրենց հետ։ Շատերը պատմում են, որ իրենց մինչև ինքնաթիռ ձեռնաշղթաներով են տանում։
«Կանդալած, ձեռքիս անգամ վերքեր էին եղել։ Հայաստանը պահանջել է մեզ, ասել է, որ տեր է իր քաղաքացիներին։ Տեսնենք, ինչ են մեզ առաջարկելու։ Հեշտ չէ, մարդիկ գնալուց առաջ վաճառել են տուն ու տեղ, հիմա եկել ենք անգամ դիմավորող չունենք։ Չգիտենք, ո՞նց ենք ապրելու», – ասում է չորս երեխաների հայր Սարգիս Կարապետյանը։
Նելլի Դավթյանն ասում է, մարդկանց միայն երեք անգամ զգուշացնելուց հետո են հետ ուղարկում․
«Մեր եվրոպացի կոլեգաները պատմում են, որ հայերից շատերը դիմում են ծայրահեղ քայլերի, միայն թե հետ չգան Հայաստան։ Կին է եղել, որ երեխային կախել է պատուհանից, սպառնալով ցած նետել, եթե փորձեն իրեն դեպորտ անել։ Նման դեպքերը շատ են, այդ իսկ պատճառով կա այդ խիստ հրահանգը, այո`ձեռնաշղթաներով, այո`գիշերով, այո`առանց զգուշացնելու։ Ծիծաղելի է հնչում, բայց հենց այդ մարդանց անվտանգությունից ելնելով»։
Վերաինտեգրում
Հայաստան վերադարձողների համար պետությունը որևէ ծրագիր չի իրականացնում։ Հրատապ աջակցության ծրագիրը դեռ մշակման ընթացքում է։ Հիմնական բեռը դեռ հասարակական կազմակերպությունների ուսերին է, որոնք փորձում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս մարդկանց, օգնել վերաինտեգրվել հայաստանյան իրականությանը։
Դրանցից է «Վերադարձի ու վերաինտեգրման» եվրոպական ցանցը։ Կազմակերպության ներկայացուցիչ Անուշ Խանոյանի խոսքով, այն վերադարձողներին աջակցություն է ցուցաբերում չորս ուղղությամբ․
- բուժզզնում,
- բնակվարձի վեց ամսվա փոխհատուցում,
- բիզնեսի հիմնման համար աջակցություն, որի դեպքում գումար է տրվում վերադարձող ընտանիքի անդամների թվով,
- մասնագիտական վերապատրաստում։
Զուգահեռ Հայաստանի քաղաքացիները շարունակում են մեկնել և մնալ եվրոպական երկրներում, խախտելով միգրացիոն օրենքները։ Իսկ դա, փորձագետների խոսքով, խանգարում է Հայաստանի կառավարության բանակցություններին՝ Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: