«Այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը:
Հարցին՝ դեկտեմբերի վերջին իր տանը Կուտոյանը կրակոցներ էր արձակել, այստեղ խնդիրներ չե՞ք տեսնում՝ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ եթե խնդիրներ չտեսնեինք՝ չէինք ունենա հարուցված քրեական գործ եւ այսօր չէին խոսի լայնածավալ ու խորը քննության մասին. «Առավել շահարկումներից խուսափելու համար ես այս պահին կրկին հաստատում եմ, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ՝ ինքնասպանության մասին վկայող: Բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի, արդյունքների մասին ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»:
Լրագրողները պարոն Դավթյանից հետաքրքրվեցին՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեպքին նմանություն չեք տեսնո՞ւմ՝ նա պատասխանեց. «Նմանություն ի՞նչ առումով, կատարման եղանակի՞ առումով: Այո, դարձյալ ունեինք հրազենով… նախնական տեղեկությունների համաձայն… երկուսի փաստով էլ հարուցված են քրգործեր եւ դրանցով ստուգողական գործողություններ են իրականացվում: Այժմ քննությունն ընթացքի մեջ է ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ