Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ, մարդիկ, դիակը չսառած, հողին չհանձնված, սկսել են քաղաքական կեղտոտ խաղերը». Աշոտյանի համար Կուտոյանի մահը ցնցող է եղել

Հունվար 19,2020 19:50

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն է այսօր, որին ներկա են նախկին եւ ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀԿ-ականները հոգեհանգստին եկել էին միասնական: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ուզում եմ նորից ցավակցություններս հայտնել Գեորգի Կուտոյանի ընկերներին, հարազատներին, ընտանիքի անդամներին, բոլոր նրանց, ովքեր շփվել, ճանաչել են նրան: Ես չեմ կարող ասել, որ մենք շատ մտերիմ, ընկերական հարաբերություն ենք ունեցել, բայց մշտապես շփվել եմ Կուտոյանի հետ՝ որպես շատ բանիմաց, հայրենասեր, երիտասարդ կադրի հետ: Աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր առիթներով եղել են աշխատանքային խնդիրներ, կարող եմ ասել՝ բացառիկ ազնվության մարդ էր, որի խոսքը խոսք էր: Հաճախ են լինում իշխանության օղակներում տարբեր տեսակի խարդավանքներ, խոսակցություններ, Գեորգի Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր հատկապես իր վերջին զբաղեցրած պաշտոնում՝ առանց որեւէ հավելյալ շահարկման: Դա ես տեսել եմ եւ համոզվել եմ: Մահը ցնցող էր, շոկային էր:»:

Ըստ Աշոտյանի, հատկապես իշխանական քարոզչական դաշտում Կուտոյանի մահը շահարկում են. «Այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ: Մարդիկ, դիակը չսառած, հողին չհանձնված, հոգին չլուսավորված, փրկություն չստացած՝ արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղերը, որոնք պատիվ չեն բերում իրենց՝ որպես մարդկային էակների: Խիստ հիասթափված եմ նաեւ վարչապետի պահվածքից, որովհետեւ կարծում եմ, որ նման տխուր, ողբերգական առիթները նաեւ հասարակությունը միավորելու առիթներ են եւ Կուտոյանի մահը կարող էր դառնալ միավորման, պետական ինստիտուտների գնահատման առիթ: Այն, ինչ մենք տեսանք, ցավոք, տմարդի վերաբերմունք է: Անձնական ցավակցության բացակայությունը դրա երեւի ամենաաղաղակող վկայությունն է»:

Դիտարկմանը, որ կառավարության կողմից ցավակցություն եղել է, Աշոտյանն արձագանքեց, որ այսօր օրը չի դրա մասին խոսելու, բայց «ես շատ մեծ նստվածք ունեմ՝ որպես ՀՀ քաղաքացի: Այս վերաբերմունքը տմարդի է իրականում, բացարձակ չի տեղավորվում քաղաքական լոգիկայի մեջ»:

Ըստ Աշոտյանի, սա բարոյականության ճգնաժամի, ատելության մթնոլորտի ահազանգ է, հասարակությունն այսպես բզիկ-բզիկ անել, լարել տարբեր ճամբարներն իրար դեմ ու չօգտագործել առիթը միավորվելու՝ անընդունելի է:

Այնուամենայնիվ, Աշոտյանն ընդգծեց՝ «Կուտոյանն այն մարդը չէ, որի արյունը պետք է շաղախվի քաղաքական խաղերի մեջ»: Նա հորդորեց հետեւել իրավապահ մարմինների աշխատանքին:

Աշոտյանը հաստատեց մամուլի այն տեղեկությունները, որ Կուտոյանը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան ու վերադառնալ Սերժ Սարգսյնաի պաշտպանական թիմին. «Այդպիսի խոսակցություն եղել է, որին ի պատասխան հնչել է՝ ավարտիր ուսումդ, կգաս՝ կտեսնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031