Լրահոս
Օրվա լրահոսը

Ասք Առողջապահության նախարարի և հայ սամուրայների մասին  (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Հունվար 19,2020 19:43

Ամբողջ մեր մտահոգությունը, որ ունենք համակենտրոնացման օրերում, առնչվում էր նրան, որ մեզ հանկարծ չբռնացնեն մութ ու խուլ նրբանցքներում ու չգլխատեն:

Կարծում եք կատակո՞ւմ եմ:

Ահա առանձնահատուկ սիրով եմ ներկայացնում իմ ծանր մանկության քաղաքը, որ մի քանի անգամ կործանվեց իշխանության եկած հորդաների ձեռքով, բայց և կառուցվեց միաժամանակ: Եվ հիմա, եթե որևէ պատմամշակութային շենք, ծննդատուն, շուկա կամ հասարակական զուգարան են ավերում՝ բնակչությանն ի տես, ոչ ոք հաճախամիզություն չի ստանում դրանից ու կարագի թուղթ չի լպստում, քանզի քաջ գիտի, որ չկա փլուզվող մի բան որ չվերականգնվի վերստին և չկա վերականգնված մի բան որ չփլուզվի ի վերջո:

Սա կոչվում է՝ համակենտրոնացման բնականոն ընթացք, որտեղ մարդը մեղքեր ժառանգեց ու չվաստակեց ծպտուն հանելու իրավունքը, որովհետև ժառանգել էր:

– Ի՞նչը,- տարակուսում էին որոշ հավատացյալներ, որոնք մյուռոնով էին օծել Քրիստոսի վարչապետական աթոռն ու դեռ չէին գլխատվել վերջերս:- Ասում եք, ինչն ենք ժառանգե՞լ:

Քանի որ հարցը հղի էր տարատեսակ վտանգներով, անձամբ իմ Առողջապահության նախարարը խաչասերել էր հղիությունն ու ժառանգությունը, որ դեռ Ծննդոց գրքում են հիշատակված: Հետևելով հանրահայտ Փարավոնի օրինակին, նախարարը փակել էր հանրապետության թերևս բոլոր ծննդատները, որպեսզի զվարթ կանայք ծննդաբերեն պատահական փողոցներում՝ հենց առաջին իսկ ակնթարթից ցուցադրելով պետության ժառանգությունը:

– Շատ կներեք, էլի՜, որ մի բան հարցնեմ չեք նեղանա՞:

– Իհարկե ոչ, հետմատու իմ բարեկամ:

– Իսկ չեք ապտակի՞:

– Մեր պետության ներսում ոչ ոք ապտակելու հավես չունի, ընկերս, միանգամից գլխատում են: Բայց չեմ կարծում, թե քո հարցը նման դատավճիռ կհարուցի:

– Ը՜ը՜ը՜ը՜… Որ ասում եք՝ ժառանգություն…

– Այո, այո:

– Ախր ո՞նց ասեմ, է՜…

– Դե զզվեցրիր, էլի՛:

– Վե՛րջ: Ասում եմ: Առաջին իսկ պահից ցուցադրվող ժառանգությունը կնո՞ջ սեփականությունն է, թե՞ կարող է ճանաչվել իբրև կնոջ սեփականության երեխա:

– Այսինքն:

– Այսինքն, ժառանգություն կոչվածը մի անգամ երևալու է ու վե՞րջ, թե՞ մի անգամ երևալուց հետո նաև պիտի մեծանա՝ պետության անպետք քաղաքացին դառնալով ու ամենուրեք երևալով:

– Ա՜խ, ահա թե ինչ: Իսկ ո՞վ ասաց, թե ամեն երեխա մեծանալու է: Փարավոնն ի՞նչ էր հրամայել:

-Ո՞վ:

– Գրող ու ցավ քեզ: Անգրագետ մեռնում եք, դրա համար էլ չեք իմացել առ այս, որ նախարարը հրամայել է աղջիկ երեխաներին պահպանել՝ ի փառս պետության և եվրոպական արժեքների, իսկ տղա երեխաներին թողնել հենց այնտեղ, որտեղ որ կբարեհաճեն լույս աշխարհ գալ:

– Փողոցո՞ւմ:

– Բա չէ, Լորդերի պալատում:

Այս ցնցող բացահայտումից հետո ոմանք թլփատվեցին կամավոր՝ ջահադ հայտարարելով, ոմանք ահաբեկեցին իրենց կանանց, որպեսզի նրանք մտքով անգամ չհղիանան, ոմանք պաշտպանություն աղերսեցին դևերից, իսկ ոմանք էլ գետնափոր խցեր կառուցեցին՝ ընդհատակյա ծննդատներ բացելով: Սա լավ բիզնես էր իհարկե: Բայց տարիներ անց, հասկանալով որ արու զավակները փրկվում են այնուամենայնիվ, Առողջապահության նախարարը պայմանագիր կնքեց Ճապոնիայի զինված ուժերի հետ, և հիմա նրանք հայ սամուրայներ էին պատրաստում իրենց ռազմավարժարաններում, որպեսզի փողոցում հանդիպող տղա երեխաներին տեղնուտեղը գլխատեն:

Ահա այսպես, մենք շատ զգուշորեն ենք տեղաշարժվում իմ ծանր մանկության քաղաքի փողոցներով, որտեղ սովորական մի բան են ուսերից թռչող գլուխները, սպիտակ արյան շիթերը, վառոդին միզողներն (Ա.Դ.) ու ծննդաբերող կանայք:

– Բա հետո՞:

– Էլ ի՞նչ հետո: Ղուրանը բերե՛ք: Ալլահ ակբար:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել