Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքն իրեն պարտված Թլիկի գյուղապետը վստահեցնում է՝ իրեն ստիպողաբար դարձրել են ՀՀԿ-ական, հիմա մրցակից թեկնածուն էլ «ՀՀԿ-ի մարդն է»

Հունվար 19,2020 16:46

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այսօր համայնքապետի ընտրություններ են: Հիշեցնենք, որ սա այն համայնքն է, որտեղ վերջերս՝ դեկտեմբերի 8-ին ընտրություններ էին եղել ու գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանը, որը միակ թեկնածուն էր, պարտվել էր՝ ստանալով 9 կողմ, 13 դեմ ձայն: Մինչդեռ համայնքում ընտրելու իրավունք ունի 114 մարդ:

Այս անգամ Սլավիկ Սալոյանի հետ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է նաեւ նույն գյուղի դպրոցի եզդիերենի ուսուցիչ՝ Ալիկ Մստոյանը:

Aravot.am-ը զրուցեց Սլավիկ Սալոյանի հետ: Նա վստահեցրեց, որ ինքը չի էլ հետաքրքրվել անգամ, թե այս պահի դրությամբ քանի մարդ է մասնակցել ընտրություններին ու ինչ ընթացք ունի:

Անցյալ ընտրություններին իր պարտությունը Սլոյանը բացատրել էր այսպես, թե մտածում էր՝ արտերկրից համագյուղացիները կգան ու կմասնակցեն ընտրություններին, բայց չեն եկել: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ այս անգամ արտերկրից եկե՞լ են: Նա պատասխանեց. «Շատ մարդիկ են եկել, ժողովուրդն է, իրանց իրավունքն է, իրենց քվեն է»: Նա ասաց, որ չգիտի՝ նրանք իրե՞ն կընտրեն, թե՞ մյուս թեկնածուին, բայց այս ընթացքում քարոզչություն է արել, փորձել է բացատրել գյուղացիներին, թե ինչու իրենք տարիներ շարունակ խմելու ջուր չունեն. «Լրիվ մարդկանց բացատրել եմ, ասել են՝ կընտրենք: Որովհետեւ իմ հակառակորդն ասել էր, որ արտագաղթն եղել է ջրի պատճառով: Այդ արտագաղթը, որ եղել է ջրի պատճառով, իմ օրոք չի եղել: Ես ամեն ինչ անում եմ, որ ջուր լինի գյուղում: Մարդիկ տեսնում են, որ դեպի լավի է, գալիս են, սեփականություն ունեն: Շատ հնարավոր է, որ հետ գան: Անցյալ տարի ես ջրի գործերը լրիվ արդեն վերջնակետին հասցրել եմ, պետության կողմից 7 մլն սուբսիդավորում ստացանք, տենդերով շահել են, պոմպակայանները բյուջեով նախատեսված գնել ենք: Հիմա ջրագծերը լրիվ նորմալ են ու ջուրը շատանում է արդեն»:

Հարցին՝ եթե այդքան գործ եք արել, ինչո՞ւ գյուղացիները դա տեսնելով՝ ձեր օգտին չեն քվեարկում՝ Սալոյանն այսպես բացատրեց. «Իրանք ասում են՝ մենք չունենք  ինչ-որ հարկ, տուրք տալու: Չեն ուզում, էսօր էլ չեն տալիս: Ասենք, 500 անասուն պահողը, էսօր տուն կա, որ տան բժիշկ ունի, անասնաբույժը գալիս է, տարածքում անասունների հիվանդություններ կան, չեն թողնում էդ անասուններին բուժեն, ասում են՝ մենք ստեղից չենք, մերը Արմավիրի մարզ է, խառնաշփոթ է: Բայց էս անգամ, եթե ընտրվեմ, արդեն լրիվ ուրիշ ձեւ կլինի, լրիվ օրենքով իրանց կբացատրվի: Եթե մենք եկամուտ չունենք, որտեղի՞ց պիտի ջուր ունենանք: Արոտավայրերը հանում ենք աճուրդի»:

Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ գյուղացիները ձեզ մերժում են՝ որպես ՀՀԿ-ական՝ հաշվի առնելով, որ դուք կուսակցության անդամ եք եղել՝ Սալոյանը պատասխանեց. «Չէ, ես կուսակցության անդամ եղել եմ, իրանք ինձ ստիպել են, որ ես պիտի դնեմ: Դա 2-3 տարվա բան է: Ստիպել են,որ դառնամ կուսակցական: Մեր Թալինի տարածքի ՀՀԿ-ի նախագահն է սատարել, որ իմ հետ հակառակորդը դրել է: Իրենք իրար հետ շատ մոտ են, բարեկամական կապեր ունեն իրենց հետ: Իրենք էլ ՀՀԿ-ական են եղել նախկին, իրենց պապն է եղել, մերն է եղել»: Հարցին՝ այսինքն, դուք հիմա պայքարում եք ՀՀԿ-ի դե՞մ՝ նա պատասխանեց, որ այո, իսկ իշխանություններն իրեն չեն աջակցում այս ընտրություններում. «Ես ոչ մեկի աջակցությունը չունեմ: Ես օրենքով եմ աշխատում: Նման մարդիկ էլ չեն ուզում օրենքով»:

Հետո Սլավիկ Սալոյանն ասաց, որ մրցակից թեկնածուին՝ Ալիկ Մստոյանին առաջարկ է արել ու մերժում ստացել. «Հակառակորդին ես առաջարկել եմ, ասի՝ արեք աշխատեք, ես արդեն չեմ ուզում: Դու ասում ես՝ իմ աներանքս ստեղ են, թող գան աշխատեն, իրա հետ լեզու գտեք: Մերժեց: Հետո ինքը ասեց՝ ես եմ ընտրել գյուղապետին, ես էլ գյուղապետին կհանեմ: Ոնց որ դառնում է պրինցիպի հարց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031