Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղից սկսած եւ այլեւայլ հարցերով վերջացրած

Հունվար 19,2020 12:00

Սուտ կլինի, եթե ասենք, թե Նիկոլի թավշյա հեղափոխությունից հետո մեր կյանքը բացարձակապես չի փոխվել: Էն էլ ոնց է փոխվել: Ոչ միայն Հանրապետության հրապարակի տոնածառն է ավելի լավացել: Այսուհանդերձ, ամեն ինչ չի, որ լավացել ու դեպի լավն է փոխվել: Մանավանդ՝ Ռոբերտ Քոչարյանի ու նրա համակիրների համար: Բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ այսօր Նոր Հայաստանում ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի համակրում, լավ չի ապրում: Ոչ էլ հակառակն է նշանակում: Բայց, բոլոր դեպքերում, ինչ-որ բան նշանակում է: Նշանակում է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կյանքը  շարունակվում է: Ընդ որում՝ բոլորի համար է շարունակվում: Ռոբերտ Քոչարյանի համար՝ նույնպես: Եվ դժվար է գուշակել, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար Նոր Հայաստանում կյանքը առաջիկայում ինչպիսի շարունակություն կունենա:

Եվ ընդհանրապես՝ Նոր Հայաստանում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ ուրիշ շատերի ապագան էլ է դժվար գուշակել, բայց մենք Նոր Հայաստանում ոչ թե գուշակություններով ենք զբաղվում, այլ բուն կյանքով ենք ապրում՝ Նոր Հայաստանի հրամցրած միանգամայն նոր կյանքով, որը ոչ միայն միանգամայն նոր է, այլեւ հնի բնական շարունակությունն է, եւ եթե ապրողներից ոմանց ազատազրկեց, դրանում ազատազրկվածներն իրենք իրենց պիտի մեղադրեն, այլ ոչ թե Նիկոլին կամ Նոր Հայաստանի մյուս հիմնադիրներին, եւ չնայած մեր թավշյա հեղափոխության ընթացքից ու արդյունքներից մեր ոչ բոլոր քաղաքացիներն են գոհ, այդուհանդերձ, շատերս բազում ու ռեալ հույսեր ենք փայփայում առ այն, որ մեր Նոր Հայաստանը մի օր կունենա այն տեսքը, ինչպիսին այն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտապատկերում: Համոզված ենք, որ իր մտապատկերի Հայաստանը մեկին մեկ համընկնում է մեր մտապատկերի Հայաստանի հետ: Այդուհանդերձ, չենք պնդում, որ այն ամենը, ինչ կատարվեց ու տեղի ունեցավ հետհեղափոխական նոր Հայաստանում, ծայրեծայր մեր ճաշակով ու մեր սրտով էր եւ կատարվեց ու տեղի ունեցավ մեր լուռ համաձայնությամբ: Այն ամենը, ինչ կատարվեց ու տեղի ունեցավ հետհեղափոխական Նոր Հայաստանում, մասամբ էր միայն մեր սրտով, եւ անկախ նրանից, թե ինչքանով էինք մենք անձամբ մասնակցել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի նախաձեռնությամբ  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, մեր հետհեղափոխական ողջ հոգով տենչում ենք, որ հեղափոխությամբ Հայաստան թափանցած լույսը երբեւէ չխամրի ու քչություն չանի: Եվ, իհարկե, քաջ հասկանում ենք, որ դա նաեւ անձամբ մեզնից է կախված: Յուրաքանչյուրիցս առանձին-առանձին: Յուրաքանչյուրիցս առանձին վերցրած:

Տոնածառից սկսած՝ մնացածով վերջացրած, վարչապետն իրենից կախված ամեն ինչ արեց, որ մեծից փոքր, բարձր տրամադրությամբ, մտնենք նոր տարի, բայց բարձր տրամադրությունը նոր տարվա ընթացքում պահպանելու ու շարունակելու համար մեզ լիքը այլեւայլ բաներ էլ են հարկավոր՝ Ղարաբաղից սկսած եւ սոցիալական այլեւայլ հարցերով վերջացրած: Ղարաբաղից սկսած՝ եւ սոցիալական ու քաղաքական, ներքաղաքական ու արտաքին քաղաքական բազմաթիվ այլ հարցերով վերջացրած: Արտաքին ու ներքին քաղաքական:

Հայաստանի իշխանություններն իսկապես բարդ խնդրի առջեւ են կանգնած: Նրանք պարտավորվել են երկու կարեւորագույն հարց լուծել. Ղարաբաղի եւ Հայաստանի: Փաստորեն, մեկը մյուսից է կախված: Մեզանից է կախված՝ ինչպես կավարտվի մեր ներքին ու արտաքին այս բարդագույն հակամարտությունը: Դժվար է, իհարկե, այնպես անել, որ ստեղծված վիճակից ե՛ւ հայաստանցիները շահած դուրս գան, ե՛ւ ղարաբաղցիները: Էլ չեմ ասում՝ ադրբեջանցիները:

Ահա այսպիսի բարդագույն խնդրի առջեւ են կանգնած Հայաստանի իշխանությունները: Զինվենք հավատով ու համբերությամբ:

Զինվենք համբերությամբ ու սատար կանգնենք՝ մի ավելորդ անգամ հասկանալով, որ մենք մի միասնական ուժ ենք եւ մեր միասնությամբ ու միասնական ուժով միայն կարող ենք հասնել մեր բարդագույն խնդիրների լուծմանը:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Արտահայտեցիր իմ մտքերը ինձանից լավ: Շնորհակալություն

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031