ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկանում ենք, որ ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
Հարկ ենք համարում պարզաբանել, որ մարզպետարանի ենթակայության (բացի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցից) նշված դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան, դպրոցներում ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, ինչը փաստացի, անհնար է դարձնում դպրոցներում ամբողջական և համաչափ ջերմաստիճանի ապահավումը։
Այդուհանդերձ, մարզպետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչներն ու անձամբ մարզպետը, պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում դպրոցներ՝ իրավիճակին ծանոթանալու և այն վերահսկելու նպատակով։
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք կարճ տեղեկանք նշված դպրոցներում տիրող իրավիճակի մասին․
-Կապուտան
Կապուտանի միջնակարգ դպրոցը ջեռուցվում է գազի վառարանով, դպրոցի շենքը վթարային է և ներառված է Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Կառավարության սեյսմակայունության բարձրացման ծրագրում, որի շրջանակներում առաջիկա տարիներին կկառուցվի նոր դպրոց:
-Կամարիս
Կամարիսի դպրոցում ևս տեղադրված է գազի վառարան, դպրոցի շենքը վթարային է, նոր դպրոցի կառուցման նպատակով այժմ պետգերատեսչությունների և համայնքի ղեկավարի հետ բանակցություններ են ընթանում:
-Ջրառատ
Ջրառատի դպրոցում ջեռուցումն ապահովվում է փայտե վառարանով, այս տարի պետբյուջեով այստեղ նախատեսվում է կառուցել նոր դպրոց:
-Փյունիկի, ֆանտանի, Արտավազի, Գետամեջի դպրոցները ջեռուցվում են փայտով։ ֆինանսական վերաբաշխման շնորհիվ ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են եւ մեկ-երկու շաբաթից կմեկնարկեն ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները:
Վստահեցնում ենք՝ մարզային ենթակայության բացառապես բոլոր հանրակրթական հաստատություններում առկա է ջերմային նվազագույն եւ պատշաճ շեմ, որի ապահովումը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո։
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
https://www.facebook.com/2059437317711613/photos/a.2062712394050772/2523167198005287/?type=3&theater