Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա սադրանք է»․ «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» նախկին տնօրենը դիմում է իրավապահներին

Հունվար 18,2020 22:28

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մամուլիս ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ է «Գյումրու  մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն  նշանակել  բժիշկ-վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանին, որը իր թիմակիցը լինելուց բացի, իր մոտ ընկերոջ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է։
Մարզպետը հայտարարեց, որ իր նշանակումը բխում է մարզի ազգաբնակչության շահերից ու մեջբերեց առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների եզրակացությունն առողջապահական այդ հիմնարկի խնդիրների շուրջ։ Նա ասաց, որ այնտեղ կա կառավարման ճգնաժամ։

Մարզպետն այս հիվանդանոցի հետ կապված մասնավորապես ասաց․ «Ստացիոնարն ունի բազմապրոֆիլ հիվանդանոցի իր ծավալված ծառայությունների շենքային և  կառուցվածքային անբավարար պայմաններ և տրված լիցենզիայով նախատեսված մատուցվող ծառայությունները և պահանջվող գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Խախտվում է բաժանմունքների, հատկապես մանկաբարձագինեկոլոգիական, մանկական կառուցահատվածների, մանրէաբանական լաբորատորայի ընդհանուր հիգիենիկ և համաճարակային ռեժիմները, կենսանվտանգության և կենսապահովման պահպանման կարգերը։ ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման վտանգը մեծ է, խախտվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և համաճարակային միջոցառումների իրականացման ոլորտը  կանոնակարգող նորմատիվային իրավական փաստաթուղթը»։

Նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, որը ցանկություն ուներ ներկա գտնվելու մամուլի ասուլիսին, սակայն չթույլատրեցին ներս մտնել, ասուլիսի ավարտից անմիջապես հետո պատասխանեց մարզպետի հնչեցրած քննադատություններին։ Նա ուղիղ եթերով հետևել էր ասուլիսը։

Աշոտ Կուրղինյանն ասաց․ «Բառ առ բառ հետևեցի մարզպետի պարզաբանումներին, ցավոք, ներս չթողեց, չէի խանգարելու, ամեն դեպքում  իր որոշումն է։ Շատ ուշադիր լսեցի, ամբողջը վերլուծելով՝ երկու հիմնական, այսպես ասած, առանցքային պատճառաբանություն տեսա։ Ուզում եմ մաքսիմալ կոռեկտ լինել, ցավում եմ, որ անտեղյակություն էր միգուցե, միգուցե ունենալով այդքան օգնականներ, խորհրդականներ, իրեն տեղյակ չէին պահել ինչն ինչոց է, կամ իր սիրած բառն է, այսօր շատ օգտագործվեց իր կողմից, իր կողմից արդեն իսկ մանիպուլյացիաներ են արվում։

Առաջին դիտարկումս Սանէպիդի տխրահռչակ փաստաթղթի մասին է։  Պարոն մարզպետ ջան, էդ եզրակացության վերջին մասը միայն մեջբերեցիք ու շատ լավ արեցիք, որ մեջբերեցիք, որովհետև եզրակացությունն ամբողջությամբ բովանդակությամբ էլ է խայտառակություն։ Այո՛, աուդիտորական եզրակացության մեկ մասն էր։ Ձեզ հարց տվեցին՝ աուդիտի հետ որևէ կապ ունի՞, որին Կուրղինյանը երեկ հղում էր անում, ասացիք՝ ոչ, սա առանձին է։ Տեղյակ չեք, կան փաստաթղթեր Քննչականում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», միգուցե նաև ձեզ մոտ, դա աուդիտորական եզրակացության մի մասն է եղել, դա մարզպետի կողմից ստեղծված աուդիտական հանձնարարական է։ Լրացուցիչ հանձնարարական է տվել նաև Սանէպիդից մասնագետ ներառել աուդիտի մեջ, Սանէպիդ մասնագետը եղել է Անդրեյան Արմինեն, որը եղել է կանխակալ, որովհետև շահերի բախում է եղել։ Անդրեյան Արմինեն աուդիտը անցկացնելու ժամանակ և մինչև վերջերս  Գյումրու ծննդատան աշխատակցուհի է եղել, հաստիքացուցակն էլ  կա մոտս։

Նա համաճարակաբան է, ես այն ժամանակ եմ բարձրաձայնել, որ  Անդրեյան Արմինեին փոխեք, նա կանխակալ է, նա այնպիսի մի եզրակացություն էր գրել, որ նույն վայրկյանին պետք է ավստրիական հիվանդանոցը փակվեր։ Բազմահազար երեխաները, որ բուժվել են, շենքային պայմանները երեխաներ, ծննդկաններ, հղիներ ընդունելու համար չէ․․․ ծիծաղելի է։ Տեղեկացեք, եթե մինչև հիմա տեղյակ չեք։ Սա մանիպուլյացիա էր, կամ էլ տեղյակ չեք, կոմպետենտ չեք, մարզպետը ինչպես կարող է այս կարգի լուրջ հարցի մասին խոսել ու տեղյակ չլինել»։

Աշոտ Կուրղինյաննն ասաց, որ դրանից հետո եղել է կարգերի վերանայում ու նախարարի հրամանով «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցին»  տրվել է երկրորդ կարգ։

Աշոտ Կուրղինյանը նաև անդրադարձավ Տիգրան Պետրոսյանի հրապարակած մեկ այլ փաստի, որը կապված է բրուցելոզով հիվանդ կովի արյունը «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մարդու անվան տակ ուսումնասիրության տալու հետ, որին հիվանդանոցից տրվել է սխալ եզրակացություն։ Մարզպետն այս մասին պատմեց լրագրողներին՝ նշելով, որ Սննդի անվտանգության տեսչության պետն է զանգահարել իրեն ու հարցրել՝ այս ի՞նչ է կատարվում հիվանդանոցում։

Աշոտ Կուրղինյանն ասաց․ «Կասկած ունեմ, որ սադրանք է և պլանավորված սադրանք է․ փաստաթղթերի ժամկետին եմ նայում, սա տեղի է ունեցել, որ մրցույթն արդեն հայտարարված էր։ Փաստաթղթի վրա ընդհանրապես չկա տնօրենի կնիք և տնօրենի ստորագրություն, էդպիսի թուղթ չգիտեմ ում ստորագրությամբ, հնարավոր է  հիվանդանոցից էլ դուրս չի եկել, այսօր համակարգչով ցանկացած մեկը կարող է այդպիսի լոգո սարքել և ինչ ասես դրա տակը գրի, բայց դա իմ կարծիքն է։

Բացարձակ տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, խնդրում եմ քննչական մարմիններին, դատախազությանը, հենց հիմա սա ընդունել իմ կողմից հայտարարություն, զբաղվել այդ հարցով՝ ո՞վ է բերել, ինչի՞ է բերել, էդ ինչ տեսչական մարմին է ներս մտել, որ տնօրենը տեղյակ չի եղել հիվանդանոց տեսչական մարմին է ներս մտնում և ինչ-որ հարցեր է տալիս՝ ձեր մոտ կովի արյուն-բան․․․ Ես, իրոք խնդրում եմ թող այս քննությունը լինի, մանավանդ ժամկետները շատ կասկածելի են՝ մրցույթի ժամանակ, և ես ասում եմ՝ սա սադրանք է, ասում եմ թուղթ, որի վրա ո՛չ իմ կնիքը կա, ո՛չ ստորագրությունը, և հանկարծ այդ թուղթը ճիշտ պահին, ճիշտ տեղում ջրի երես է հանվում»։

Նա  նաև նշեց, որ  մարզպետը, բնականաբար, պիտի գովեր իր նշանակած անձին, նրան աստղերին հասցներ, թեև նրա մասին ոչ մեկը վատ բան չէր էլ ասել, մինչդեռ, ըստ նախկին տնօրենի, ոչ թե նրա լավը պետք է գովերգվեր, այլ իր վատ հիմնավորվեր, որր մարզպետի մոտ այսօր չստացվեց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031