Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՎԿ-ն առաջարկում է նշել 1920 թ․ հունվարի 19-ը որպես Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման օր

Հունվար 18,2020 22:43

2020 թվականի հունվարի 19-ին լրանում է Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման 100-ամյակը։ 1920 թ. այդ օրը Ազգերի լիգան՝ Անտանտայի Դաշնակից պետությունների Բարձրագույն խորհուրդը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդությամբ, Փարիզի վեհաժողովում պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ պահին նորանկախ Հայաստանը զբաղեցնում էր 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք՝ ներառյալ Կարսը, Սարիղամիշը, Արդահանը, Անին, Իգդիրը, Նախիջևանը եւ Արարատ լեռը։

Մեկ դար շարունակ այս կարևոր փաստը, մեր պատմության բազմաթիվ այլ փառավոր էջերի շարքում, թաքցվում էր հանրությունից կամ կեղծվում էր օտար զավթիչների եւ նրանց տեղացի գործակալների կողմից։ Զարմանալիորեն, ՀՀ ներկայիս իշխանությունները նույնպես չեն անդրադառնում եւ որեւե կերպ չեն նշում այդ պատմական իրադարձությունը, մինչդեռ այն առավել քան արդիական է եւ անհրաժեշտ՝ մեր այսօրվա բազում քաղաքական խնդիրների լուծման համար։

Բանն այն է, որ 1990 թ․ ընդունված ՀՀ Անկախության Հռչակագիրն, ինչպես եւ 1991 թ․ Սահմանադրության առ այսօր գործող ձեւակերպմամբ՝ Հայաստանը ոչ թե 1918 թ․ Առաջին հանրապետության ժառանգորդն է հանդիսանում, այլ Սովետական Հայաստանի իրավահաջորդն է՝ պարզապես վերանվանվելով ՀԽՍՀ-ից Հայաստանի Հանրապետություն։ Մեր համոզմամբ, դա կոպիտ եւ աններելի քաղաքական սխալ է, որն անհրաժեշտ է վերջապես գիտակցել եւ ուղղել։ Պատահական չէ, որ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, ինչպես եւ Վրաստանն ու Ադրբեջանն իրենց սահմանադրություններում հռչակվել են որպես նախկինում անկախ պետությունների իրավահաջորդներ։

Հայաստանի դեպքում նման բանաձեւը կնշանակի մեր երկրի միջազգային իրավունքի ճանաչում մեր պատմական Հայրենիքի նկատմամբ՝ ներառյալ Արցախը, Նախիջեւանը, Կարսը, Սարիղամիշը, Անին և Արարատը։ Միջազգային իրավունքով հաստատված պահանջատիրությունը տեղափոխում է տարածքային խնդիրները ռազմաքաղաքական հակամարտության դաշտից դեպի իրավական ոլորտ եւ նպաստում է հարցի խաղաղ լուծմանը։ Միջազգային օրենքի դաշտ վերադառնալու հաջորդ կարեւորագույն քայլն է՝ անվավեր եւ ապօրինի ճանաչել 1921 թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը եւ պահանջել Ռուսաստանի Դաշնությունից եւ Թուրքիայից դրա չեղարկումը, ճիշտ այնպես, ինչպես 1991 թ․ ԽՍՀՄ Պետխորհուրդը հանցավոր եւ չեղյալ ճանաչեց 1939 թ․ սովետա-գերմանական պակտը։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ) առաջարկում է ՀՀ Կառավարությանը եւ ԱԺ-ին․

Ա․ Նշել 1920 թ․ հունվարի 19-ը որպես Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման օր։

Բ․ Քննարկել եւ կատարել փոփոխություն ՀՀ Սահմանադրության մեջ, ճանաչելով Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1918-1921 թթ․ Առաջին Հանրապետության իրավահաջորդ։

Գ․ Ռուսաստանին եւ Թուրքիային պահանջ ներկայացնել՝ 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031