Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամուլի շենքում բռնկված հրդեհից եթե վարձակալ է տուժել, կարծում եմ՝ փոխհատուցում կլինի». Նարեկ Բաբայան

Հունվար 18,2020 21:17

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մամուլի շենք եկավ, երբ հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել էին: Aravot.am-ը «Միր» հեռուստաընկերության հարկում զրուցեց նրա հետ:

-Շրջեցիք հարկերում, ձեր աչքով տեսաք ամեն բան: Ի՞նչ կասեք:

-Մեկնաբանելու բան առանձնապես չեմ տեսնում: Կարճ միացում է տեղի ունեցել այն հատվածում, որտեղից բոլոր հարկերի եւ բոլոր բաժանորդների էլեկտրական սնուցումն է կատարվում: Հրդեհ է բռնկվել եւ շախտայով տարածվել է վերեւ: Հրշեջները հասնելուն պես չեն կարողացել անմիջապես անցնել իրենց գործողություններին, որովհետեւ կարիք է եղել նախ շենքը հոսանքազրկելու, ինչը երկար ժամանակ չի հաջողվել: Միայն հոսանքազերծումից հետո արդեն անցել են կրակը մարելուն, 6-րդ հարկում կոտրել են նաեւ շախտայի պատը եւ այնտեղից ջուր թողել, որպեսզի կրակը առաջին հարկից վերեւ չտարածվի: Հրշեջ փրկարարները նաեւ հաստ մալուխներն են կտրել 5-րդ հարկում:

-Քանի որ առիթն ընձեռնվել է, ասեմ, որ այս շենքի հետ վարձակալները բազմաթիվ խնդիրներ են ունենում: Ձեր տեղակալն ասաց, որ կոմիտեում դրանց տեղյակ են: Դրանք լուծելու  քայլեր նախատեսվո՞ւմ են: Կոնկրետ՝ վերալակների խնդիրը, որոնք շաբաթվա մեջ մի քանի անգամ հերթով խափանվում են:

-Մենք վերելակների հարցը դրել ենք, որպեսզի այս տարի կարողանանք մեկը փոխել: Դա մեր օրակարգում է: Մյուս ընթացիկ խնդիրները, որոնք կան, դա լինի ջրամատակարարման հետ կապված, կամ սանհանգույցների նորոգման, բարեկարգման մեր առաջնային նպատակներից են:

-Վարձակալների՞ հաշվին:

-Վարձակալների հաշվին չի լինի, որովհետեւ եթե կա պայմանագիր եւ նրանք վարձ են մուծում, ոչ ոք լրացուցիչ վճարում կատարելու պարտականություն չունի: Իսկ թե ո՞ւմ հաշվին կլինի, մենք կառավարությունից ենք որոշակի գումար խնդրել, սակայն դա դեռ հաստատված չէ:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ կառավարությունը կհաստատի՞ ձեր առաջարկածը:

-Կարծում եմ՝ այո: Բայց հիմա այստեղ նաեւ վերականգնման ու փոխհատուցման հարց է առաջանում: Պետք է հաշվարկվի, հասկացվի:

-Նկատի ունեք փոխհատուցում վարձակալների՞ն:

-Եթե վարձակալները տուժել են, կարծում եմ՝ այո՛, նաեւ նրանց փոխհատուցում:

-Այսինքն, շենքը ներսից հիմնանորոգելու անհրաժեշտությո՞ւն եք տեսնում:

-Հիմնանորոգում չէի ասի, բայց խնդիր, իհարկե, կա:

-Վերջերս մամուլի շենքի հետ կապված ինչ-որ մրցույթ էր հայտարարվել:

-Դա վերաբերվում էր շենքի արտաքին տեսքին եւ առայժմ դեռ ցանկությունների մակարդակում է:

-Այսօրվա հրդեհի հետեւանքները վերացնելն ինչքա՞ն կտեւի: Չմոռանանք, որ այս շենքում լրատվամիջոցներ են գործում:

-Դժվարանում եմ ասել: Պետք է հաշվարկ արվի, գնահատվի, թե ինչ կարժենա, ինչ միջոցներ, ռեսուրսներ են հարկավոր լինելու:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031