Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ հանած մի նշանակման ու պաշտոնը ընկերների հետ կիսելու մասին․ Շիրակի մարզպետի պարզաբանումները

Հունվար 18,2020 20:29

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին իր հիմնավորումները ներկայացրեց, թե ինչո՞ւ է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնում նշանակել Ժորժիկ Սերոբյանին։ Հիշեցնենք, որ այս նշանակումը բավական մեծ  աղմուկ է հանել այն պատճառով, որ  մասնագիտությամբ բժիշկ-վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը մարզպետի թիմակիցն է, նրա մոտ ընկերոջ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու որդին է։ Ժորժիկ Սերոբյանի հայրն էլ՝ Երվանդ Սերոբյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ն է։

Հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, որը ևս հաղթել էր մրցույթում, երեկ խստորեն քննադատել էր Տիգրան Պետրոսյանին՝ նրան մեղադրելով հովանավորչություն կատարելու մեջ, որը, ըստ բժշկի, կոռուպցիայի ամենաուժեղ դրսևորումն է։ Նա նաև նշել էր, որ այս նշանակման մեջ մեծ դերակատարություն է ունեցել մարզպետի կլանը, այսպես ասած եռյակը, որի մեջ Տիգրան Պետրոսյանն ու երկու ընկերներն են։

Շիրակի մարզպետն այսօր պարզաբանեց, թե ինչո՞ւ է նշանակել Ժորժիկ Սերոբյանին, պատասխանեց նաև լրագրողներին հասած այն տեղեկություններին, որ մարզպետի որոշումը դեռ չհրապարակված՝ Ժորժիկ Սերոբյանը  նշանակումից մեկ օր առաջ արդեն իսկ հյուրասիրություն է կազմակերպել իր աշխատավայրերից մեկում՝ Գյումրու բժշկական կենտրոնում։

Տիգրան Պետրոսյանը պարզաբանեց նաև, թե ինչ դերակատարություն ունեն  ընկերներն իր որոշումների կայացման մեջ ու պատասխանեց այն հարցին, թե արդյոք իր այս որոշմամբ՝ ծանոթի նշանակելով, չի՞ ստվերում հեղափոխության ողջ գաղափարը։

Տիգրան Պետրոսյանը հանդես եկավ բավականին երկար մամուլի ասուլիսով՝ երբեմն նեղվելով լրագրողներից, որոնք հետաքրքրվում էին, թե ի՞նչ է փոխվել հետհեղափոխական Հայաստանում, երբ յուրաքանչյուրը նշանակում է իր ծանոթ-բարեկամին։ Ի դեպ, այս նշանակման ֆոնին հնչեց նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի անունը, որի հովանավորյալը նշանակվեց «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրեն։

Ինչևէ, մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ  այս նշանակմամբ իր խղճի առջև հանգիստ է, և այն բխել է մարզի բնակիչների շահերից․ հիվանդանոցում եղել են լուրջ խախտումներ ու կառավարման ճգնաժամ։ Նա նաև շեշտեց, որ այս գործընթացում աշխատել է իրեն հնարավորինս պահել կոռեկտ, որևէ տեսակի միջամտությունից հնարավոր հեռավորության վրա։

Անդրադառնալով հիվանդանոցի նախկին Աշոտ Կուրղինյանի հնչեցրած այն քննադատությանը, որ այդ պաշտոնը խլեցին իրենից, Շիրակի մարզպետն ասաց․ «Ես փորձեմ դուրս մնալ անձնական ֆոնից, խոսեմ որպես կառավարիչ։ Խլել, աթոռ, դոսյեներ, սա իմ կարծիքով ընկալում է, որը կա այսօրվա կառավարման իրականությունը ընկալող կամ տարբեր տեսակ ընկալող մարդկանց մոտ։ Խլելու հետ կապված եկեք ես չմեկնաբանեմ»։

Լրագրողների հարցին՝ հիմնավորեք ինչո՞ւ նշանակեցինք Ժորժիկ Սերոբյանին, մարզպետն ասաց․

«Մենք տեսականորեն ունենք իրավիճակ, երբ մրցույթը հաղթել են երկու թեկնածու, որոնցից երկուսն էլ  իրենց մասնագիտական որակներով, իրենց հմտություններով, իրենց փորձառություններով որևէ տեսակ զիջում չունեին։ Ինձ համար՝ որպես մարզպետ, ով այս խնդրում ունի շահ, ուղիղ անձնական շահ, այո՛, այս հարցում մարզպետն ունի անձնական շահ՝ պայմանավորված թե՛ իմ երեխաների, թե՛ մարզի երեխաների որակյալ բուժծառայություն ստանալու հետ։ Եվ այն պարագայում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնել, մենք այդտեղ բարձրացնում ենք։

Հասկանում եմ, որ այսօր մեր հիվանդանոցների, առողջապահական ծառայությունների խնդիրները շատ են։ Ես հասկանում եմ, որ այդտեղ կան շատ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ։ Անհնարին պահանջել մենք չենք ուզում, մենք գիտենք տեղեր, մենք գիտենք հիմնարկներ, որտեղ ստիպված գնում ենք կոմպրոմիսի՝ ստեղծված իրավիճակի մեջ։ Ավստրիական հիվանդանոցը իր հնարավորություններով, իր անձնակազմով, մարդկային ռեսուրսով, իր ամեն ինչով շատ լավ զարգանալու դինամիկա ունեցող կառույց է։ Այսինքն կարող է վերածվել մի հաստատության,որտեղ կառավարման մեթոդները փոխելով՝ կփոխեն ծառայությունների որակը»։

Հարցին՝ իսկ Ժորժիկ Սերոբյանն այն մարդն է, որը կկարողանա ճիշտ կառավարե՞լ,  մարզպետն ասաց․ «Ես կարծում եմ Սերոբյանն այդ մարդն է ՝ պայմանավորված թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակներով, որը շատ կարևոր է այս պարագայում, թե՛ իր կրթական ցենզով։ Այս տեսանկյունից ես ունեմ իմ մտահոգությունները, որովհետև մենք այնտեղ ունենք խնդիրներ՝ ինձ համար կառավարման բացերի տեսանկյունից։ Կառավարման բացերի տեսանկյունից խնդիրներ եմ տեսել մի մակարդակում։ Ես այդ կառույցի շուրջ, Շիրակի մարզի առողջապահական հաստատությունների շուրջ համակարգային խնդիրներ եմ տեսնում այս պարագայում, այդ խնդիրների հետ կապված  նշանակումից մեկ օր առաջ քննարկում եմ ունեցել նախարար Թորոսյանի հետ, ներկայացրել եմ իմ մոտեցումները, ներկայացրել եմ իմ մտահոգությունն այդ հիմնարկում ստեղծված իրավիճակի շուրջ, որը ֆիքսվել է առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից 2019 թվականին։

Ես այսօր թղթեր չեմ թափահարելու, դա իմ մեթոդոլոգիան չէ։ Ինձ համար մտահոգիչ է առողջապահության նախարարության եզրակացությունն այդ հիմնարկում ինչ դիտարկումներ և պրոբլեմներ կան, և նախարարի մոտեցումը այդ հիմնարկին։ Այդ մտահոգությունները ես ներկայացրել եմ մի քանի հարթակում, պատրաստվում եմ ներկայացնել ևս մի քանի հարթակում, մտահոգությունների բովանդակության մեջ, եթե թույլ կտաք,  չմտնեմ։ Եթե ձեզ կհետաքրքրի հիմնավորում, թե ինչ մտահոգություն, պարզապես եզրակացություն ունեմ, որ ինձ համար թե՛  որպես ծնող, թե՛ որպես այդ հիմնարկի պատասխանատու, լուրջ է»։

Հարցին՝ դուք նախքան մրցույթն արդեն գիտեի՞ք, որ Սերոբյանին եք նշանակելու, Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Ոչ, երբ գալիս հասնում ենք եզրային փուլին, պիտի որոշում կայացնես, դու արդեն սկսում ես աշխատել ավելի խորը փաստաթղթերի հետ, որովհետև ես երկու ամիս առաջ կամ տաս ամիս առաջ այդ հիմնարկի նկատմամբ կանխակալ մոտեցում չեմ ունեցել, որը փորձում է ներկայացվել»։

Հարցին՝ շատ է խոսվում այն մասին, թե Ժորժիկ Սերոբյանը ձեր հովանավորյալն է, ո՞վ է ձեր համար նա՝ ձեր մտերի՞մն, է ընկե՞րն է, ընտրությունների ժամանակ ի՞նչ չափով է օգնել ձեզ, Տիգրան Պետրոսյանը խնդրեց մտերիմ բառի ձևակերպումը տալ ու ասաց․ «Մարդ, ով  ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ, ով այս ընթացքում ակտիվ պրոցեսների ժամանակ կանգնած է եղել մեզ հետ, մեր թիկունքին»։

«Չկա՞ արդյոք շահերի բախում»,- հարցրեցին լրագրողները։

«Շահերի բախում կա այն պարագայում, երբ որ մարդու որակական հատկությունները չեն բավարարում որևէ նշանակման»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Այնուհետ մարզպետը ներկայացրեց առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունն այդ հիմնարկի խնդիրների շուրջ։

«Ստացիոնարն ունի բազմապրոֆիլ հիվանդանոցի իր ծավալված ծառայությունների շենքային և  կառուցվածքային անբավարար պայմաններ և տրված լիցենզիայով նախատեսված մատուցվող ծառայությունները և պահանջվող գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Խախտվում է բաժանմունքների, հատկապես մանկաբարձագինեկոլոգիական, մանկական կառուցահատվածների, մանրէաբանական լաբորատորայի ընդհանուր հիգիենիկ և համաճարակային ռեժիմները, կենսանվտանգության և կենսապահովման պահպանման կարգերը։ ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման վտանգը մեծ է, խախտվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և համաճարակային միջոցառումների իրականացման ոլորտը  կանոնակարգող նորմատիվային իրավական փաստաթուղթը։

Եթե ուզում ենք կառուցել նորմալ երկիր, ի՞նչ սկզբունքով ես պիտի ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիների շարունակ, իր երեկվա խոսքերով, իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործառույթներ։ Երեկ ինքը ֆիքսեց, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում նույն հովանավորչության փիլիսոփայության տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով՝ իրականացվել են մրցույթներ, որոնք ֆիքսված են առողջապահության նախարարության հանձնաժողովի եզրակացությունում։ Հովանավորչության, նեպոտիզմի ակնհայտ դեպք է, երբ որոնք ֆիքսված են այդտեղ, հնարավոր ռիսկեր ֆինանսական, որոնք ֆիքսված են մասնակի, որոնք քննարկման առարկա են դառնալու հետագայում»։

Մարզպետը մեկ այլ փաստ ևս հրապարակեց։

Ըստ նրա, Սննդի անվտանգության տեսչության պետը զանգահարել է  իրեն՝ հարցնելով, թե ի՞նչ է կատարվում հիվանդանոցում ու պարզաբանել է, որ բրուցելոզով հիվանդ կովի արյունը տրվել է ուսումնասիրության «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մարդու անվան տակ․ ասելով, որ կովի արյուն է, ֆիքսվել է և տրվել է սխալ եզրակացություն։

«Հիմա ես ո՞նց կարող եմ պատասխանատվություն վերցնել սրա համար, դուք եկեք, նստեք իմ փոխարեն և որոշեք ստորագրել, կներեք, ես համարում եմ, որ այս պարագայում ես ընտրություն չեմ էլ ունեցել»։

Մարզպետին հարցրեցին ընկերների դերակատարությունից, հարցին՝ մենա՞կ է, գործում, թե եռյակով են, ինչպես քարոզարշավի ժամանակ,  կա՞ն ճնշումներ ընկերների կողմից, նա ասաց, որ ընկեր ու ճնշումն անհամատեղելի բառեր են, այս հարցում բացառապես առաջնորդվել է մարզի ազգաբնակչության շահերով։

Մարզպետը, պատասխանելով այն հարցին, թե Ժորժիկ Սերոբյանը նախքան մարզպետի որոշման հրապարակումը, հյուրասիրություն է կազմակերպել հիվանդանոցում, հարցրեց․ « Ունե՞ք որևէ ապացույց, գնացեք հարցրեք այն մարդկանց, որոնք գինի են խմել, ես ընդունել եմ որոշումը նախարարի հետ խորհրդակցելուց հետո՝ երեկ առավոտյան»։

Մարզպետը իր ընկերների հետ քաղաքը իրենցով անելու մասին քննադատությունն էլ համարեց անլուրջ։

«Այս քաղաքը իրենով անելու մեկ ձև կա, ճիշտ ապրելով»,-ասաց նա։

Մարզպետի ասուլիսից հետո նրան լրատվամիջոցներով պատասխան տվեց Աշոտ Կուրղինյանը։

Աշոտ Կուրղինյանի պատասխանը՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031