Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը բարձրաձայնում է հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը եւ արդիականությունը․ հայտարարություն

Հունվար 18,2020 17:46

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն

Հայտարարությունում ասվում է.

«1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի եւ բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

Հայերի զանգվածային կոտորածը Բաքվում արդյունք է դեռեւս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարական ծայրահեղական ուժերի եւ հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված եւ ցայսօր շարունակվող հայերի նկատմամբ ռասայական խտրականության լայնածավալ քաղաքականության, որը հանգեցրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ ազգաբնակչության կտրուկ նվազմանը, իսկ 1980-ական թվականների ավարտին նոր թափ առնելով՝ կենսական վտանգի արդյունքում Բաքվի եւ Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի հայ բնակչության վերացմանը:

Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները եւ խուսափում պատասխանատվությունից,

Ընդգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը եւ դրա համատեքստում իրականացված այս եւ այլ հանցագործությունները (Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Մարաղայի գյուղի հայ բնակչության կոտորած, 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված ռազմական գործողություններ Արցախի քաղաքացիական բնակչության եւ գերեվարված զինծառայողների նկատմամբ), հայկական մշակութային ժառանգության հետեւողական վերացումը, ինչպես նաեւ Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքների հայաթափումը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ առկա է իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերին եւ նրանց գոյության բոլոր հետքերը բնաջնջելու մտադրություն,

Հիմք ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայում (9 դեկտեմբերի 1948 թ.), Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (10 դեկտեմբերի, 1948 թ.), Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում (21 դեկտեմբերի, 1965 թ.), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (16 դեկտեմբերի 1966 թ.) եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, որոնք նաեւ ամրագրված են բոլոր ժողովրդավարական պետությունների ներպետական օրենսդրություններում,

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը ս.թ. հունվարի 18-ի համատեղ նիստի արդյունքներով՝
Ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքվում զոհված մեր հայրենակիցների հիշատակը եւ բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը եւ արդիականությունը,

Դատապարտում է Ադրբեջանական Հանրապետությունում շարունակվող պետական հայատյաց քաղաքականությունը,

Անընդունելի է համարում այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսեւորում,
Վերահաստատում է, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ եւ ընդգծում, որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարեւորագույն գրավականն է,

Կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին`

-դատապարտել Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար,

-գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ,

Վերահաստատում է, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման եւ դրանց զոհերին եւ իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031