Գագիկ Համբարյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ հետհեղափոխական շրջան ասվածը Հայաստանում ավարտվել է դեռ մեկ տարի առաջ՝ 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ «Իշխանությունները վաղուց այդ շրջանն ապրել են, բայց հարց է, թե ինչո՞ւ են այդքան շատ խոսում հետհեղափոխական շրջանի մասին։
Պատճառը պարզ է։ Իրենց ձեռնտու է դա, քանի որ շատ խոստումներ չեն իրականացրել։ Եվ երբ իրենք քննադատության են ենթարկվում թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ այլ քաղաքական ուժերի կողմից՝ այդ ուժերին հակահեղափոխական անվանելով, փորձում են ինդուլգենցիա ստանալ։
Փորձում են տպավորություն ստեղծել, որ հետհեղափոխական շրջանում ենք գտնվում, իսկ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կամ այլ քաղաքական ուժերն իրենց քննադատում են, հեղափոխության դեմ են դուրս գալիս։ Սա շատ պրիմիտիվ քայլ է, որը վաղուց է կիրառվում Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների կողմից»,-ասաց նա։
Գագիկ Համբարյանը շեշտեց նաև այսօր առկա մեկ այլ հանգամանքի մասին։
Կարդացեք նաև
«Իրականում Ն. Փաշինյանը իշխանափոխությունից հետո շատ կտրուկ ու արագ բարելավեց իր շրջապատի ու թիմակիցների կյանքը։ Զուգահեռ՝ մինիմալ աշխատավարձերի, կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը ներկայացվում է որպես դարակազմիկ և շատ կարևոր իրադարձություն։
Նաև չի վարանում կեղծ տվյալներ օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար։ Բայց իրականում իրենք պետք է կյանքի կոչեն խոստումները, որտեղ առանձնակի դեր ունի նաև տնտեսության զարգացումը։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը, 2020թ. որոշ ապրանքների թեկուզև նվազ թանկացումը կամ գազի գնի հավանական բարձրացումը Ն. Փաշինյանը տնտեսական հեղափոխությո՞ւն է համարում։ Հպարտանում, ուրախանում էին, որ գազի գինը չի բարձրանալու, ո՞ւր մնացին այդ խոստումները։
Հպարտանալ կեղծ տվյալներով կամ հայտարարել, որ 2020ին կանխատեսվող տնտեսական 4,9 աճը շատ մեծ ձեռքբերում է, ճիշտ չէ։ Իսկ աննախադեպ արդյունքներն իրենց մաշկի վրա կարող են զգալ միայն, օրինակ՝ նախարարները, որոնք նախկին 750 հազար դրամ աշխատավարձի փոխարեն այսօր մեկուկես միլիոն են ստանում, չհաշված պարգևավճարները։
Իհարկե, չենք կարող չնշել, որ այդ ամենի մասին տեղյակ է նաև Փաշինյանը, որովհետև երբ որևէ նախարարի գործունեություն խիստ քննադատության է ենթարկվում, և այդ նախարարը վտանգավոր գոտում է հայտնվում, շատ արագ բեմ է բարձրանում Ն. Փաշինյանն ու պաշտպանում է իր կադրերին»,-ասաց զրուցակիցը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում