Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Մենք չհասկացանք՝ այդ ի՞նչ էր խորհրդարանական պետությունը. ԱԺ-ն առայսօր մնացել է կառավարության կցորդ. «Հրապարակ»

Հունվար 18,2020 11:34

Ուշագրավ է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում չկա կոնսենսուս անգամ խորհրդարանական ուժերի միջեւ։ ԲՀԿ-ում հարցը չեն քննարկել, սակայն պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն բացարձակ չկա, առավել եւս՝ կառավարման ձեւի․ հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2015-ին կողմ քվեարկեց փոփոխությունների նախագծին։ Պետրոսյանն ասում է, որ Սահմանադրություն փոխելը չպետք է ինքնանպատակ լինի, առավել եւս մի մարմին լուծարելու նպատակով չպիտի Մայր օրենք փոխել․ «Մենք չհասկացանք՝ այդ ի՞նչ էր խորհրդարանական պետությունը, մենք չկարողացանք ապահովել այնպիսի իրավիճակ, որ ոչ թե ԱԺ-ն հետեւի կառավարության կամքին ու քմահաճություններին, այլ կառավարությունն ի կատար ածի ԱԺ որոշումները։ ԱԺ-ն առայսօր մնացել է կառավարության կցորդ»։

Գեւորգ Պետրոսյանը շրջանառվող խոսակցություններից տպավորություն ունի, որ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ՍԴ-ն փոխելու նպատակով․ «Ամոթ է, ՍԴ-ն լուծարելու համար փոփոխություններ ձեռնարկելն ուղղակի խայտառակություն է։ Այդքան խոսվում է պետական բյուջեն խնամքով օգտագործելու մասին, բայց չգիտեն, որ հանրաքվեն ինքնին մեծ ծախս է լինելու բյուջեի վրա։ Բացի այդ, իշխանական պատգամավորներից մեկն ասում է, թե ՍԴ-ն մեր պես փոքր երկրների համար շռայլություն է։ Սա ուղղակի ամոթ է, այդ մարդիկ թող ելույթ չունենան։ Բանը հասել է նրան, որ ով ինչ մտածում, ասում է՝ առանց հաշիվ տալու։ Իրենք գուցե այնքան շատ են ԱԺ-ում, որ չեն կարողանում վերահսկել կարծիքները, բայց դրա խիստ անհրաժեշտություն կա»։

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ կիսանախագահական մոդելն ամենաշատ քննադատող գործիչներից մեկն այսօրվա վարչապետն է եղել․ «Եվ իրեն սատարող մի քանի հոգի, որովհետեւ մնացածն ընդհանրապես քաղաքական անցյալ չունեն»։ Պետրոսյանը հույս հայտնեց, որ քաղաքական այլ նպատակներով չի վերադառնա կիսանախագահական համակարգին։

Անդրադառնալով ՀԱԿ-ի հիմնավորմանը, որ հանրությունը չի ընդունել գործող Սահմանադրությունը, Գեւորգ Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Կարելի՞ է իմանալ՝ ՀԱԿ-ն այդ ի՞նչ շրջանակներում է հարցումներ արել, քանի՞ անգամ են իրենք ժողովրդի մեջ մտել, շատերն անգամ ամաչում են ժողովրդի շարքեր դուրս գալ, որովհետեւ թուքումրի առարկա են դառնալու։ Այդ ե՞րբ մտան, ե՞րբ լսեցին, որ հիմա էլ ժողովրդի անունից են խոսում»։

Այս առաջարկի ենթատեքստը, ըստ պատգամավորի, հետեւյալն է․ «Իրենք ամեն գնով պիտի փորձեն իշխանությունը պահել՝ կլինի դա ՍԴ-ն, վճռաբեկը լուծարելու գնով, թե մոդել փոխելով, թե այս կամ այն պաշտոնյային ասֆալտին փռելով։ Քանի որ իրենք տնտեսական հեղափոխության իրենց խոստումն այդպես էլ չեն կարողանում իրականացնել, հասկանում են, որ ապիկար են այդ հարցում, ուստի պետք է ուրիշ բան անել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031