Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի. Գեւորգ Կոստանյանի պարզաբանումը. «Հրապարակ»

Հունվար 18,2020 10:45

Կուտոյանի մահվան թեմայով զրուցեցինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որն այս պահին երկրում չէ՝ Մոսկվայում է, եւ գտնվում է հետախուզման մեջ։ Կոստանյանը Կուտոյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Ժամանակին ինքը, Գեորգի Կուտոյանը եւ Գեւորգ Մհերյանը եղել են Սերժ Սարգսյանի օգնականները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սերժ Սարգսյանի այս երեք օգնականներից միայն Կոստանյանն է այսօր ողջ․ 2009-ին Մհերյանը սպանվեց իր տան շքամուտքում, երեկ էլ Կուտոյանի կինը ամուսնուն հայտնաբերեց մահացած, իրենց բնակարանում։

«Ես խորապես վշտացած եմ, որովհետեւ մենք միայն մտերիմներ չէինք, մենք ընկերներ էինք եւ մենք շատ երկար տարիներ էինք ընկերություն անում։ Ես ապշահար վիճակում եմ եղել ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել եմ ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։

– Ըստ տեղեկությունների՝ նրա դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը, ենթադրաբար, դատարկ է եղել, նաեւ իր անձնական օգտագործման զենքը, որից արձակվել է կրակոցը։ Բացի այդ, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պատերի վրա եղել են կրակոցների հետքեր, եւ հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ։ Ըստ Ձեզ՝ մի քանի կրակոցի ու պարկուճի առկայության դեպքում հնարավո՞ր է ինքնասպանության վարկածը։

– Նախ հնարավոր է ցանկացած վարկած, եւ այդ բոլոր վարկածները պետք է ստուգվեն, ինչպես նաեւ պետք է ստուգվեն դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները՝ արդյոք դրանք նույն հրազենի՞ց արձակված պարկուճներ են, թե՞ այլ զենքի պարկուճներ են։ Այդ ամենի սպառիչ պատասխանը, ես համոզված եմ, որ քննությունը պետք է տա եւ տալու է։

– Իսկ կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի։

– Դա պայմանավորված է լինելու գործի հանգամանքներով, վկաներ, եթե այդպիսիք կան, իրենց դիրքորոշումը կհայտնեն, այդ պահին հնարավոր անձանց շրջանակը, որոնք կպարզվեն, ովքեր վերջին ժամանակներում առնվազն առնչություն են ունեցել կամ հանդիպումներ են ունեցել, դատահոգեբանական փորձաքննությունը եզրակացություն կտա՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներ են հայտնաբերվել, որովհետեւ ինքնին պարկուճների առկայությունը, ինքնին կոնյակի շշի առկայությունը դեռեւս սպառիչ բավարարություն չունեն ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։ Այդ ամենը քննարկման առարկա է։

Գուցե ինքնասպանության հասցնելու մասին է խոսքը, դա էլ պետք է ստուգվի, գուցե այլ վարկածեր կան, պարկուճների պատկանելությունը տվյալ զենքի եւ այլ զենքերի, այդ կոնյակի՝ տարբեր անձանց կողմից խմելու հանգամանքները, որովհետեւ դեռեւս որեւէ մեկը չգիտի՝ այդ կոնյակն ի՞նքն է խմել, այլ անձինք է՞լ են եղել, թե՞ այլ անձ է եղել։ Համենայնդեպս, Կուտոյան Գեորգիին բոլոր ճանաչողները կարող են վստահաբար պնդել, որ շատ ամուր բնավորություն, պինդ հոգեբանություն ունեցող մարդ է եղել միշտ եւ շատ խիստ ու հավասարակշռված։

– Պարոն Կոստանյան, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը։

– Ես չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ հետեւություն անել, ես հետեւություն կանեմ բացառապես այն ժամանակ, երբ տեսնեմ գործի հանգամանքները, որովհետեւ ես՝ ինքս էլ բազմաթիվ պարզելու հարցեր ունեմ ու վստահ եմ՝ կպարզեմ։ Համենայնդեպս, ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը, եւ եթե քննության արդյունքներն ինձ անձամբ չբավականացնեն, ես ապագայում էլ եմ լինելու պահանջատեր։ Եվ ես պահանջատեր եմ լինելու անկախ ամեն ինչից ու մինչեւ ես համոզված չլինեմ Գեորգի Կուտոյանի մահվան իրական պատճառների մեջ եւ համոզմունք չունենամ նրա մահվան հանգամանքների ամբողջականության հարցում, ամբողջ կյանքում հետեւողական եմ լինելու դրանց պարզման ուղղությամբ եւ ոչ միայն Կուտոյանի մասով, այլեւ Հայկ Հարությունյանի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031