Հարցին, թե «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ ու antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը օրերս ֆեյսբուքյան լայվ հեռարձակմամբ հայտարարեց, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած, այսպես ասած, «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժվել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից, արդյո՞ք ինքը նման տեղեկության տիրապետում է, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանն ասաց, որ այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից որ չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը:
«Այդ իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում: Իրականությանը չհամապատասխանող այդ տեսանյութը սոսկ մեդիա էֆեկտ կարող էր բերել ու հասարակության մեջ կարծիք ձևավորել, ինչը և արվեց: Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասաց պաշտպանը:
Խոսելով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանն ասաց, որ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել:
«Արման Թաթոյանն այսօր ուղղակի մասնակցություն ունի կոնկրետ Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելուն»,- ասաց պաշտպանը:
Կարդացեք նաև
Վերջինս նշում է, որ Արման Թաթոյանին՝ որպես օմբուդսմեն, հաջողվեց զարգացնել օմբուդսմենի ինստիտուտը:
«Մանվել Գրիգորյանի գործը միակը չէ: Մենք՝ փաստաբաններս, համագործակցել ենք ՄԻՊ գրասենյակի հետ: Ես ունեցել եմ գործեր, որ մարդու իրավունքների հետ կապ ունի, և նույն հետևողականությամբ Արման Թաթոյանը զբաղվել է դրանցով: Ինձ հետ գեներալի գործով ՄԻՊ տարբեր աշխատակիցներ էին նաև կապի մեջ լինում: Հանձին Արման Թաթոյանի՝ մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում