Մարդկային ցինիզմը, հիրավի, սահմաններ չունի: 39-ամյա երիտասարդի մահը մեր քաղաքականացված զանգվածի համար «հրաշալի» առիթ է սեփական քաղաքական նախասիրությունների մասին հայտնելու եւ քարոզչությամբ զբաղվելու: Հարյուրավոր մարդիկ մեկ օրում դարձան դատավորներ, դատախազներ, քննիչներ, քրեագետներ, դատաձգաբաններ:
ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը հայտնվել է քաղաքական շահարկումների կիզակետում. «պարզվում է», նա ինչ-որ կապ ուներ իշխանության փոխանցման ժամանակ այդ ծառայությունում փաստաթղթերի ոչնչացման հետ, նա ինչ-որ գաղտնիքներ գիտեր ապրիլյան պատերազմի մասին (հավանաբար, ակնարկն այն է, որ դա «պայմանավորված պատերազմ» էր՝ եւս մի ցինիկ քարոզչական բանաձեւ), ուներ «կոմպրոմատներ» եւ այլն:
Բնականաբար, հեռու եմ մնում դիլետանտական եւ քարոզչական դատողություններից: Ինձ մեկ այլ խնդիր է հուզում: Մեր հասարակությունն, իմ կարծիքով, ոչ պատշաճ վերաբերմունք է դրսեւորում պետության եւ նրա անվտանգության հարցում: Նույն ապրիլյան պատերազմի մասին անհեթեթ ենթադրությունները, «գեղամիջի բեսեդկայի» մակարդակի մտավարժանքները բացարձակապես չեն վնասում նախորդ իշխանությանը, չեն բարձրացնում նրա հանդեպ ատելության մակարդակը (որովհետեւ էլ բարձրացնելու տեղ չկա), դրանք վնասում են մեր անվտանգությանն ու պաշտպանունակությանը, որովհետեւ որոշակի ուղերձներ են հղում հակառակորդին:
ԱԱԾ-ի մասին թեթեւսոլիկ խոսակցությունները, այն որպես զուտ ներքին քաղաքական «կոմպրոմատների շտեմարան» կամ քաղաքում «սատանա» հայտնաբերելու օրգան դիտարկելը, իմ կարծիքով, թուլացնում է այդ կարեւորագույն կառույցը, որի հիմնական գործառույթը, հիշեցնեմ, ոչ թե կաշառակերներին բռնելն է, ոչ թե ներկա քաղաքական կոնյունկտուրային համապատասխանելն է, այլ հետախուզությունն ու հակահետախուզությունը:
Կարդացեք նաև
Վերջերս շատ էինք գրում եւ խոսում մեր լեգենդար հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների մասին, եւ դա առիթ էր արձանագրելու, որ «կագեբեն», այո, ահավոր կառույց էր, որը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, բայց այդ կառույցի ներսում կային ստորաբաժանումներ, որտեղ աշխատում էին Վարդանյանների նման պրոֆեսիոնալներ, որոնք մեծ դրական գործ են արել հայրենիքի եւ մարդկության համար: Անկախ Հայաստանի ԱԱԾ-ում «ներքաղաքական» բաղադրիչը պետք է վերանա, իսկ բուն անվտանգության մասը՝ ուժեղանա:
Ես, ի տարբերություն «ֆեյսբուքյան դատավորների», չգիտեմ, թե ով եւ ինչու է սպանել Գեորգի Կուտոյանին կամ արդյոք դա սպանություն էր, թե ինքնասպանություն: Բայց այդ ողբերգական դեպքը թուլացրել է մեր պետությանը եւ, մեծ հաշվով, նաեւ մեր իշխանություններին: Գործը բացահայտելը պետք է լինի իշխանությունների առաջնահերթ խնդիրը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ցավալի օրինաչափությու՞ն՝.
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 1991թ. հոկտեմբերի 16-ին:
620 օր հետո Երևանում սպանվեց պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ (ԽՍՀՄ ՊԱԿ), ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը:
Նիկոլ Վովայի Փաշինյանը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնեց մայիսի 8, 2018 – հոկտեմբերի 16, 2018թ.:
Մոտ 620 օր հետո (Երևանում) հեռացավ այս հանցավոր աշխարհից ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը:
Գործը բացահայտելը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրը: