Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ղեկավարն ուրբաթօրյա աղոթքում ի՞նչ ասաց

Հունվար 18,2020 00:10

Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ պրն Խամենեին ուրբաթ` 17 հունվարին, ութ տարվա բացակայությունից հետո դարձյալ նախագահեց մայրաքաղաքի հասարակաց աղոթքը և երկու քարոզ խոսեց` առաջինը պարսկերենով և երկրորդը՝ արաբերենով: Ուրբաթօրյա աղոթքի համար կատարվել էր լայն քարոզչություն և հավաքվել էին հարյուր հազարավոր հավատացյալ ու ցուցարար, որպեսզի ցուցադրեն նաև իրենց ուժը, բռունցք ցույց տան դուրսի ուժերին և ներսի ընդդիմության:

Շատ երկրներ, միջազգային մամուլն ու փորձագետները և Իրանի հանրային կարծիքը սպասում էին պրն Խամենեիի նոր և սպառիչ խոսքին, հույս ունեին խաղաղասիրական և Իրանի շիկացած մթնոլորտը հանդարտեցնող քարոզ կլսեն: Իրանի ամենաազդեցիկ դեմքը խոսեց երկրին հուզող շատ հարցերի մասին, նա Ատոմային տեխնոլոգիայի տարածման ծրագրերի և այլ հարցերի  վերաբերյալ պատրաստակամություն հայտնեց բանակցել, բայց բացառեց ԱՄՆ-ին, Եվրոպացիներին անվանեց անհուսալի գործընկերներ և շեշտեց, որ Միացյալ Նահանգներին պետք է հեռացնել տարածաշրջանից: Առաջնորդը մեծ կարևորությամբ անդրադարձավ արաբական երկրների հետ Իրանի բարեկամության, նրանց հրավիրեց համագործակցության` Աստվածահաճո իսլամական մեկ տեսլականի իրագործման: Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումն անվանեց պատիժ և շեշտեց, որ հիմնական պատիժը լինելու է ԱՄՆ-ին այս շրջանից արտաքսումը:

Իրանի առաջնորդը մեծարեց Բաղդադում սպանված Իսլամական հեղափոխության պահակազորի բարձրաստիճան սպա Ղասեմ Սոլեյմանիին, դրվատեց այդ պահապան զորքի աշխատանքները, հիշատակեց զոհված գեներալի հուղարկավորության բազմամիլիոնանոց թափորները,  Սոլեյմանիի նկարները պատռողներին համարեց ոչ-իրանցիներ. նաև քննադատեց այն ցուցարարներին, որոնք դեմ են Իրանի ներկայությանը` Լիբանանում, Ղազայում կամ այլուր:

Մի խումբ իրանցի ցուցարարներ և հատկապես ուսանողներ անցյալ շաբաթ մեծարելով ուկրաինական կործանված ինքնաթիռում զոհված իրանցիների հիշատակը, պահանջում էին բարձրաստիճան պաշտոնյաների ընդհուպ մինչև պրն Խամենեիի հրաժարականը. վերջինս նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Աղոթապետը իր անձին վերաբերող քննադատության չանդրադարձավ, ուկրաինական ինքնաթիռի կործանման համար ներողություն չխնդրեց,  բայց վշտակցեց մարդկային զոհեր համար և ասաց, որ իր «սիրտն իրապես ցավացել է (այրվել է)»:

Պրն Խամենեին ապա շեշտեց, որ ինքնաթիռի կործանումը չպետք է ազգային շահերի գիտակցության արգելք լինի: Առաջնորդը հայտնեց, որ Իրանի թշնամիներն ուրախացել են ինքնաթիռի կործանման համար` որպեսզի մոռացվի Ղասեմ Սոլեյմանիի մահը:

Իրանի պետության ղեկավարն անդրադարձավ նաև իսլամական հեղափոխության հաղթանակի երկրորդ քառասնամյակի մեկնարկին, խոսեց խորհրդարանական մոտալուտ ընտրությունների մասին և մասսաներին հրավիրեց խուռներամ շարքերով մասնակցելու այդ ընտրություններին:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031