Լրահոս
Օրվա լրահոսը

Լինե՞լ, թե՝ չլինել

Հունվար 18,2020 13:30

Արցախի համար 1988-ի փետրվար ամսվա ճակատագրական օրերից ոչ պակաս վճռորոշ ժամանակներ են գալիս: Երկու տարբեր ժամանակներում էլ վճռորոշը բնակչության ձայնն է, նրա կամարտահայտությունը: Անցյալ 30 տարիներին Արցախ հայեզերքի ղեկը իր ձեռքը վերցրած քաղաքական վերնախավը ի վիճակի չեղավ, մանավանդ դաժան պատերազմում տարած հաղթանակից հետո, երկրամասը տանել զարգացման ճանապարհով: Այն իր բնույթով կրկնում էր երեւանյան ձեւն ու օլիգարխա- կոռումպացված էր մնում, որի արդյունքում բնակչությունը, մանավանդ ադրբեջանական բնակավայրերից հայության բռնագաղթի պայմաններում, անվերջորեն նվազում էր: Չդիմանալով ներքին անարդարություններին՝ մարդիկ ընտանիքներով հեռանում էին: Լինե՞լ, թե՝ չլինել: Նախագահական ընտրությունների շեմին ահա այսպիսի խնդիր է դրված Արցախի բնակչության առջեւ: Կկարողանա՞ն մերժել ընչաքաղց նախկին պաշտոնյաների, բռնակալների, սալդաֆոն-գեներալների՝ ամեն կերպ կրկին իշխանության գալու, անօրեն կերպով իրենց կուտակածին նոր հարստություններ գումարելու ցանկությունը, պատասխանատվությունից, դատ ու դատաստանից խուսափելու ձգտումները: Արցախի հանրությունը ի վիճակի՞ է ճիշտ գնահատել իրավիճակն ու ձայնը չտալ, ասենք, տնտեսությունների ոռոգման տակ գտնվող հողատարածքները պաշտոնական դիրքի չարաշահումով, հանցագործ ճանապարհով զավթած օլիգարխին: Ուզում եմ հավատալ, որ Արցախի բնակչությունը իր վճռական ձայնով այս ընտրություններում ճիշտ կկողմնորոշվի եւ ՈՉ ասելով երկրամասը թալանողներին, կոռումպացվածներին, ժողովրդին դեպի կործանում տանող բախտախնդիրներին, կուղղորդվի դեպի լուսավոր միտքն ու գաղափարը, դեպի ազնիվն ու անկաշառը, հզոր մտքի աղբյուրը:

Արցախում նախընտրական թեմաներով իմ հանդիպումներից որոշ զրույցներ առաջարկում եմ ձեր ուշադրությանը:

Արցախյան նախընտրական զրույցներ

Հարսնահանդես

Այս օրերին Արցախում օր օրի ավելի թեժացող նախագահական ընտրապայքարում որոշ թեկնածուներ շատ ուշագրավ մեթոդներ են կիրառում, որոնք հայտնություն են եւ առաջին անգամ են լայն մասշտաբով կիրառվում: Ստեփանակերտում ներկա եղա տարբեր թեկնածուների ներկայացուցիչների զրույցին, որը առանց փոփոխության ներկայացնում եմ:

-Բարեւ Գարիկ, վաղուց քեզ չեմ հանդիպել: Լսել եմ, որ քարոզարշավներում ես…

-Է՜, քիթ սրբելու ժամանակ չունեմ:

-Ախր դու եւ քարոզարշավը, էն էլ նախագահական…

-Այո, այնպիսի քարոզչություն եմ անում, որի նմանը աշխարհում չի եղել:

-Հետաքրքիր է:

-Կազմել եմ ողջ Արցախում տեղի ունենալիք հարսանիքների ցուցակը, որտեղ նշվում են գյուղը, խնամիների անունները, պաշտոնը, ներկայացնում եմ նախընտրական շտաբին, որտեղ էլ որոշում են՝ որին մասնակցեն: Հարսանքի ժամանակ, իբր պատահական, հայտնվում է մեր թեկնածուն, գիտես, թե ինչ առատաձեռն է նա:

-Դե հա, Արցախի ամենահարուստ մարդն է:

-Մեկ միլիոն դրամ գումար է տալիս հարս ու փեսային: Քավորը առաջարկում է նախագահական թեկնածուի կենացը: Հարսանքավորները հերթի են կանգնում, որ անձամբ բաժակ խփեն թեկնածուի հետ, հաջողություն մաղթեն ընտրություններում: Մեկն էլ ասաց. «Վարչապետ ջան, կենացդ»: Բոլոր կողմերից հարձակվեցին էս մարդու վրա, կշտամբելով, որ պետք է նախագահ ասել:

-Այդպես քանի՞ հարսանքի է մասնակցել ձեր թեկնածուն:

-Երեսուն:

-Ամեն հարսանքից 200 ձայն…

-Չէ, արդյունքը ավելի շատ է լինում: Մեր թեկնածուն խոսք է ասում, պատրաստի հանրահավաք է, խոստումներ է տալիս գյուղացիներին: Երեկ մեկը հանդիպեց, թե՝ ինձ էլ ցուցակում գրի: Ասում եմ՝ Երվանդ, քո տղան պսկված է: Թե՝ հարսանիք չեմ արել, ցուցակ մտցրու, մի այնպիսի հարսանիք կազմակերպեմ… Շտաբում ասել եմ, համաձայն են:

-Հարսնահանդեսների քարոզչությամբ ձեր թեկնածուն կհաղթի՞:

-Ինչո՞ւ միայն հարսանիք, բա թաղումները…

Նախընտրական «Խաթաբալա»

Պայմանավորված ժամին հանդիպեցի մարգուշեւանցի Գարիկին: Մինչ խոսում էինք թուրքերի կողմից զավթած մեր գյուղի մասին, հուշեր պատմում պատանեկության տարիներից, մեզ մոտեցավ ծանրամարմին տարեց մի մարդ:

-Հը, Գեւորգ, մեր ընկերը գրող է, կպատմե՞ս նախընտրական թաղումների մասին:

-Գարիկ ջան, ախր անհարմար է, սպասիր ընտրությունները բարով-խերով վերջանան, հետո էնքան բաներ պատմեմ…

-Դու գիտես, Գեւորգ, մեր գրողը խոստացել է մեր թեկնածուի անունը չգրել:

-Հա՞, եթե անունը չի գրելու՝ կպատմեմ, թե չէ՝ Արցախի ամենահարուստ, հողատեր, հիմա էլ նախագահության 100 տոկոսանոց թեկնածու… Էս գործը չէինք սկսի, եթե մի քարոզարշավի ժամանակ պատահականորեն գյուղում թաղման չհանդիպեինք: Նույն օրը հանրահավաք անելն անհարմար էր, ուստի կարմարուշիկ մեր թեկնածուն որոշեց թաղմանը մասնակցել: Նա մահացածի տղային ցավակցություն է հայտնում ու, գիտեք, ձեռքը քարի տակ չի, որպես օգնություն, մի կլորիկ գումար է տալիս: Հոգեհացի ժամանակ մեռելին մոռացած՝ նախագահական ընտրություններից էին խոսում, մեր թեկնածուի կենացը խմում: Մարդիկ բաժակները ձեռքներին մոտենում են, հաջողություն մաղթում: Նրանք «վարչապետ, վարչապետ» էին դիմում: Ասում եմ՝ վարչապետ չի, նախագահի թեկնածու է: Հիմա մեկ էլ՝ «նախագահ, հա նախագահ»… Սրանից լավ հանրահավաք: Մտերմիկ զրուցում է, խոստանում օգնել, երիտասարդներին ապահովել աշխատանքով ու բարձր եկամտի աղբյուրով:

-Ու այսպես թաղումները նախընտրական քարոզչամիջոցի վերածվեցին, -ասաց մարգուշավանցին:

-Իսկ մյուս թեկնածուները նման քարոզչություն չէի՞ն անում:

-Չէ, դա ամեն մարդու խելքի բան չի:

-Այդպես քանի՞ թաղումների մասնակցեցիք:

-Շատ չէ, մի քսան թաղում: Հիմա ամեն տեղից զանգում են, մեր թեկնածուին հերթական թաղման հրավիրում: Մի անգամ էլ մի ճոխ թաղման գնացինք, հետո իմացանք, որ կեղծ թաղում էր:

-Այսինքն՝ «Խաթաբալա՞»:

-Հա, բայց արցախյան տարբերակով: Ես չգիտեի, որ սուտ թաղում է: Իսկ թե թեկնածուն գիտեր՝ հստակ չեմ կարող ասել: Բայց էնքան լավ էր կազմակերպած:

-Վարձու լացողներ, մեռել, հոգեհացի արարողություն, նախագահի թեկնածուի կողմից առատաձեռն օգնություն… «Խաթաբալայի» Զամբախովը ղալաթ է արել մեր թեկնածուի հետ համեմատած:

-Հունվար-փետրվարին է՞լ պիտի թաղումների մասնակցեք:

-Ես տեղն ու ժամն եմ հայտնում, մնացածը շտաբն է որոշում: Բայց երեւի մի երեսուն թաղման մասնակցենք: Այնպես, որ հնարավոր է՝ մեր թեկնածուն մի փուլով անցնի:

-Լսիր, Գեւորգ, մի քսան հարսանիք էլ ես եմ նախատեսել, ամոթ է, թողեք այդ թաղում-հանրահավաքները:

-Գարիկ ջան, այդ մասին թող նախընտրական շտաբում կարգավորեն, թեկնածուն մտածի: Ես ո՞վ եմ, հանձնարարում են, վարձատրում, ես էլ անում եմ: Ամեն օր մի քանի թաղման մասնակցելու առաջարկություն եմ ստանում: Հենա մեկը ամեն օր զանգում պահանջում է, ասում է՝ երբ ասեք՝ ճոխ թաղում անեմ, երկու հազար մարդ հավաքեմ…

Սորոսին Արցախի հետ մի՛ խառնեք

Երբ Գեւորգը հեռացավ, դիմեցի մարգուշավանցի Գարիկին.

-Դու եւ քո ընտանիքի անդամները ո՞ւմ եք ձայն տալու:

-Բարդ հարց ես տալիս: Երբ կոմանդույուշչիի մարդիկ մեր բակը մտան ու առաջարկեցին նրա համար ստորագրահավաքին մասնակցել, դե, տուն են եկել, հո չենք մերժելու: Բայց հաստատ նրա օգտին չենք քվեարկելու: Գնահատում ենք պատերազմում նրա կարեւոր դերը, բայց մենք էլ ենք հասկանում, որ նրա եւ մի շարք այլ թեկնածուների ժամանակն անցել է: Ղեկավարման այն ձեւը, որը կար 25 տարի, պետք է մի կողմ թողնենք: Հետեւանքները տեսնում ենք: Երեւանի շուկաներից են բանջարեղեն, միրգ ներկրում, կրկնակի գնով ժողովրդի վրա ծախում: Սա է մեր նախագահների ու վարչապետների կառավարման արդյունքը: Բնակչությունը չի դիմանում, հեռանում է: Թուրքի ուզածն էլ դա է: Հիմա դու թեկնածուներից ամենաակտիվի ու մեծահարուստի թիմի անդամ ես, հենց նրա՞ն ես ձայն տալու:

-Ես որոշակի ծառայությունների համար աշխատավարձ եմ ստանում: Բայց ընտրությանը դա չի վերաբերում: Ձայն կտամ նրան, ով կարող է փրկել Արցախը:

-Ո՞նց պետք է փրկի:

-Նախ. այնպիսի նախագահ է պետք, որը ոչ թե ցրի, տարաբաժանի ուժերը, այլեւ հավաքի իր շուրջը: Նա պետք է ուժեղ, նվիրյալների թիմ հավաքի: Այսօրվա Արցախը կարող է ոչ միայն իրեն, այլեւ Հայաստանին էլ կերակրել, աշխարհի առեւտրին մասնակցել:

-Թեկնածուների մեջ կա՞ այդպիսի մարդ:

-Իհարկե՝ կա:

-Կարծեմ մեկին արդեն «սորոսական» անուն են կպցրել:

-Անճարությունից են կպցրել: Եթե վաղը քո մասին էլ նման բան ասեն…

-Գարիկ, իսկ ո՞րն է «սորոսականը»:

-Ի՞նչ իմանամ: Իբր թե դրսի մարդ է, մերը չի: Բայց մեր տղան է, լեզուներ գիտի, սկզբունքային է, խելացի, միջազգային ատյաններում ճանաչում, հաշվի են նստում նրա հետ:

-Կասե՞ս անունը:

-Չէ, դեռ շուտ է, ոհմակը կհարձակվի, կխժռի:

-Գիտեմ ում մասին ես ասում…

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031