Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իրան. առանց մեծ վնասների

Հունվար 18,2020 12:00

Սկիզբը՝  այստեղ:

Իրանի նկատմամբ ամերիկյան կոշտ քաղաքականությունը ազդեցություն չպետք է ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա

Պաշտոնական Երեւանն անհանգստացնող բնութագրեց տարածաշրջանում վերջին զարգացումները, միեւնույն ժամանակ արձանագրեց, որ Հայաստանը չի կարող ներքաշվել ո՛չ հակաիրանական, ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ։

Իրանի կողմից իրաքյան Այն Ալ-Ասադի ու Էրբիլի ռազմաբազաների հրթիռակոծումից հետո, որտեղ տեղակայված էին ամերիկյան եւ արեւմտյան կոալիցիոն զինված ուժերը, Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել էին Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում նշել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարից լրագրողները հետաքրքրվել էին, թե Իրանի շուրջ անկայունության աճը հնարավո՞ր է՝ իր բացասական ազդեցությունն ունենա Հայաստանի տնտեսության վրա։ «Տնտեսական անվտանգության առումով այս պահին մենք խնդիր չունենք, մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սննդի անվտանգությունից սկսած մինչեւ անվտանգության կարեւոր ենթակառուցվածքների աշխատանք: Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծում արդեն գտել ենք. այն ապրանքները, որոնք, եթե ճգնաժամ առաջանա, ինչպես ենք փոխարինելու, դրա ճանապարհային քարտեզն ունենք: Եվ այս առումով կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: Ավելի շատ մենք այս պահին ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու: Տնտեսության առումով 2019թ. մեր գրանցած արդյունքները տնտեսության մեզ ինքնավստահություն են տալիս, եւ ավելի շատ կայունություն ենք կանխատեսում, ոչ միայն կայունություն, ավելի մեծ զարգացում ենք ակնկալում: Այս առումով կարող եմ ասել՝ ընդհանուր առմամբ դրական են ակնկալիքները», – եզրափակել էր Արմեն Գրիգորյանը:

«Ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու» կանխատեսման հիմքերն, իհարկե, չեն կարող հարյուր տոկոսանոց իրականանալի լինել, որովհետեւ իրավիճակն ամեն պահի կարող է սրվել եւ էլ ավելի անկանխատեսելի դառնալ: Հայաստանին մնում է հուսալ, որ Իրանի նկատմամբ ամերիկյան կոշտ քաղաքականությունը ազդեցություն չի ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա:

Վերջերս ամերիկացի վերլուծաբաններն անդրադարձել էին Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա Իրանի ու ԱՄՆ-ի հնարավոր բախման հետեւանքներին՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում: Ինչպես փոխանցել էր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, ըստ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հետագա լարվածությունը դժվարացնում է Երեւանի ավանդական բազմավեկտորանոց քաղաքականությունը. «Մտահոգության պատճառներ կան, քանի որ չնայած երկու կողմերը խուսափեցին ուղիղ բախումից, հետագա լարվածության վտանգը չի վերացել»,- նկատել էր Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը: Ըստ նրա, Հարավային Կովկասում մտահոգված են ռազմական բախման դեպքում տարածաշրջանի ապակայունացման, փախստականների ներհոսքի, ահաբեկչության եւ այլ հնարավորություններով: Փոլ Սթրոնսկին կարծում է, որ ուղիղ բախումը ձեռնտու չէր Վաշինգտոնին եւ Թեհրանին, ուստի կողմերն այն կփոխարինեն անուղղակի կամ «պրոքսի» պատերազմներով այլ տարածաշրջաններում:

«Իրանի համար չափազանց ռիսկային է օգտագործել Հարավային Կովկասը ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով Իրանում բնակվող հայերի ու ադրբեջանցիների գործոնը: Ավելի արդյունավետ է այդ նպատակով գործունեություն ծավալել Իրաքում կամ Լիբանանում»,- նշել է Սթրոնսկին: Ստեղծված իրավիճակում Հարավային Կովկասի երկրները պետք է ցուցաբերեն զգուշավորություն, իր հերթին շեշտում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը: «Եթե տեղի ունենա միջադեպ, որը կմեծացնի ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ ռազմական հակամարտության հավանականությունը, Հարավային Կովկասի բոլոր երկրները շատ ավելի խոցելի կլինեն, եւ կարեւոր խնդիրներից է դառնալու հակամարտության ընդլայնման կանխարգելումը»,- ասել էր Կազլյարիչը:

Չնայած ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության եւ տարածաշրջանային վերջին զարգացումների միջեւ ուղիղ կապի բացակայությանը, փորձագետները համարում են, որ յուրաքանչյուր ապակայունացում տարածաշրջանում կազդի ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա: «Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախման հնարավորությունը մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,-նշել էր Կազլյարիչը: Միեւնույն ժամանակ անվտանգության խնդիրների հետ միասին փորձագետներն ընդգծում էին, որ ամերիկա-իրանական լարվածության աճը Հայաստանի համար կունենա նաեւ տնտեսական ծանր հետեւանքներ:

Նկատենք, որ Իրանում արդեն իսկ հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով, հունվարի 15-ին Նյու Դելիում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա դրա հետ մեկտեղ հավաստիացրել է, որ Թեհրանը «շահագրգռված չէ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում»:

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031