Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիրքապահ» ՀԿ ղեկավար. «Պարոն Փաշինյան, քո թիմը մաքրի»

Հունվար 17,2020 17:48

«Պարոն վարչապետ, ես ձեզ բան ունեմ ասելու, մի գնացեք, սպասեք, էս պապկեն պետք է հանձնեմ ձեզ»,-ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից դուրս եկած Նիկոլ Փաշինյանին մոտեցավ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:

Փաշինյանին մոտենալ չհաջողվեց: «Ուրիշ ժամանակ կանգնում էիք… Պարոն վարչապետը հիմա արհամարհական նստում է մեքենան ու գնում, բայց մենք սրանից առաջ գնացել էինք Կառավարության դիմաց ու էս մարդկանց տեղեկացնում էինք, որ կան մարդիկ, որոնք այլասերում են տարածում մեր երկրում: Ես այս երկրի համար պայքարել եմ ու շարունակելու եմ պայքարել»,-նեղսրտեց Մանուել Մանուկյանը:

Վարչապետի փոխարեն երիտասարդին մոտեցան պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Միքայել Զոլյանը:

Երիտասարդը ցույց տվեց նախարար Զարուհի Բաթոյանի նկարը եւ ասաց. «Ես չեմ պայքարել նման մարդկանց համար, ես պայքարել եմ նոր Հայաստանի համար»;

«Դուք համաձա՞յն եք, որ Հայաստանը դառնա աշխարհի լավագույն երկիրը»,-հարցրեց Միքայել Զոլյանը: «Այո համաձայն եմ, բայց աստծուց հեռանալով չի դառնա»,-ասաց Մանուել Մանուկյանը:

Շենքի բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ ավելորդ աղմուկ են բարձրացնում. «Երկու տարի է անցել, երեսուն տարվա քանդածը ոնց դզե՞ն»: Ցուցարար երիտասարդը, սակայն, չէր ընկրկում. «Ես ասում եմ պարոն Փաշինյան, քո թիմը մաքրի, նույն էն ուժերը, որ ազատություն են քարոզում, դե թող գնան առաջնագծում ազատ քայլեն»:

Հիշեցնենք, որ Մանուել Մանուկյանը վերջերս բաց նամակ էր հղել Աննա Հակոբյանին՝ մասնավորապես գրելով. «Ես տիկին Աննային հանդիպեցի հրապարակում, հեղափոխության օրերին, երբ ես խոսում էի բեմից, նա լաց էր լինում, ես այնքան եմ ցավում, որ այս արցունքները իրական չէին, ես այնքան էի հավատում, վստահում, մի օր այցելել էի իրեն և ասացի, որ երբեք չեմ մոռանա Ձեր արցունքները։

Բայց շատ եմ ցավում, որովհետև այդ ամենը ընդամենը իշխանության գալու համար էր։ Այդ օրերին դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, ամենալարված և վտանգավոր օրերն էին, անորոշություն էր մարդկանց համար, Ռուբինյանը հայտարարում էր վախեցած, որ շուտով իրեն էլ են ձերբակալելու, ինձ բազմաթիվ զանգեր էին եղել և ասել, որ չխառնվեմ հեղափոխության գործընթացներին, բայց ես տեսա, որ մարդիկ նեղության մեջ են, պայքարում են և արհամարհեցի բոլոր վտանգները, անջատեցի հեռախոսս և մինչև վերջ պայքարեցի, Տիկին Աննայի հետ ֆեյսբուքով շփվում էինք, մի անգամ էլ հանդիպել եմ և ասել, որ ամեն ինչ կանեմ, միայն իմ ազգին ոտքի կանգնեցրեք, օգնեք որ ազգը տառապանքներից դուրս գա։

Երբ իրենք կատարյալ կերպով անցան իշխանության, էլ նամակներին չպատասխանեցին և սկսեցին անհասանելի լինել ինձ համար։ Ես Տիկին Աննային լավ ընկեր էի ինձ համարում, հիմա էլ որպես մարդ չարացած չեմ, բայց այնքան մեծ ցավ եմ ապրում, որ այդ ազնվությունս, նվիրվածությունս շահագործվել է միայն մի բանի համար՝ իշխանության գալու»:

Դրանից հետո Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հրապարակել էր հղումներ՝ ապացուցելու համար, որ Ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացած Մանուել Մանուկյանը չի մասնակցել մարտական գործողություններին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031