Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մաքսատուրքեր. որակյալ մսի մաքսատուրքը կբարձրանա. գների աճ կլինի՞

Հունվար 17,2020 17:30

«Ըստ էության, 2020 թվականի հունվարի 1-ից 700 ապրանքատեսակների նկատմամբ մաքսային դրույքաչափերն այլևս գործում են այնպիսին, ինչպիսին նախատեսում են ԵԱՏՄ անդամ մնացած պետությունների համար երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մասով»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՔԴՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նշենք, որ հունվարի 1-ից երրորդ (ոչ եվրասիական) երկրներից Հայաստան ներկրվող շուրջ 800 անուն ապրանքների մաքսատուրքեր փոփոխվել են:

Խոսրով Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություն են կրել մսամթերքի մաքսատուրքերը: Նա մանրամասնեց. «Մսամթերքների համար երրորդ երկրներից ներմուծվող մսամթերքների համար նախատեսվում էր մինչև 2019-ը ներառյալ 10 տոկոսի մաքսատուրք, հունվարի 1-ից այդ մաքսատուրքը ավելանում է: ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանվել է որակյալ տավարի միս հասկացություն: Կան չափանիշներ, որոնք ֆիքսում են, որ այս չափանիշներն ունեցող միսը կարելի է համարել որակյալ: Իսկ որակյալ տավարի մսի համար սահմանվում է 15 տոկոս դրույքաչափ, մնացած մսամթերքների համար 22 տոկոս մաքսատուրք է սահմանվում, իսկ այդ տոկոսը գնալով կաճի»:

Հարցին՝ արդյոք սա կհանգեցնի՞ գնաճի, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե ապառողը նախապատվություն տա երրորդ երկրներից ներմուծվող մսամթերքին, այնտեղ մենք կունենանք գնաճ: Բայց կկոմպենսացվի տեղական մսամթերքով, ու մենք գների էական կտրուկ տատանումներ այս պահին չենք ունենա»:

Իսկ թե ի՞նչ փոփոխություններ են կրել գյուղատնտեսական ապրանքների մաքսային դրույքաչափերը, Խոսրով Հարությունյանը պարզաբանեց. «Մենք գյուղատնտեսական մթերքներ արտահանող երկիր ենք: Դրույքաչափերի և քաղաքականության մեջ հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որքանով մեր ապրանքը կլինի մրցունակ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Ադրբեջանը ծիրան ու բանջարեղեն արտահանում է: ԵԱՏՄ շուկան ծիրանի արտահանման համար պետք է լինի ավելի մատչելի մեր գյուղատնտեսության համար, քան Ադրբեջանինն է: Ենթադրում եմ, որ դա հաշվի է առնված: Թե՛ խաղողը, թե՛ ծիրանը նախկինում 7.5 տոկոս դրույքաչափ ուներ, 2020-ից այդ դրույքաչափը դառնում է 5 տոկոս: Սա մտահոգում է: Եթե մենք ծիրան արտահանող ենք, ճիշտ կլիներ, որ բանջարեղենի դրույքաչափը, որը 7.5 տոկոս էր, կամ բարձրանար, կամ մնար նույնը»:

Անդրադառնալով այն մտահոգություններին, որոնք կապված են այն խոսակցությունների հետ, թե միսը միայն սպանդանոցներից է վաճառվելու, Խոսրով Հարությունյանը նկատեց. «Երբ ողջ հանրապետությունում ունենք ընդամենը 20 և ավելի սպանդանոց, այս պարագայում գնալ այդ ճանապարհով, նշանակում է գյուղացուն խիստ ծանր վիճակի առաջ կանգնեցնել: Եթե կառավարությունն այս ճանապարհով գնաց, շուկան կլցվի դրսից ներմուծվող մսամթերքով, իսկ մեր գյուղացին կհայտնվի շատ ծանր վիճակում»:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ մեր երկիր ներդրումներ չեն կատարվում: Սակայն նրա համար ավելի մտահոգիչը հետևյալն է. «Ինձ համար մտահոգիչն այն է, որ կառավարությունը չի էլ փորձում հասկանալ, թե ինչու ներդրումներ չկան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031