Ինչպես հայտնի է, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայրում քննչական գործողություններ էին ընթանում ու դեպքի վայր էր մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց,որ դեպքի վայրի զննություն է իրականացվում: Նա ասաց, որ տեղյակ չեն դեռ՝ զենքը իրե՞նն էր, որով վնասվածք է ստացել, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Հարցին՝ բացի իրենից, բնակարանում եղե՞լ է մեկ այլ մարդ, նրանք ի՞նչ են ասում՝ Մելիքյանը պատասխանեց. «Երբ մենք եկել ենք դեպքի վայր, բնակարանում եղել է հայրը, կինը: Օպերատիվ ծառայությունները ներկայացրեցին, որ կինն է հայտնաբերել դին»: Մելիքյանը նաեւ տեղեկացրեց, որ դատական բժիշկներ են աշխատում, հետո կպարզվի, թե քանի կրակոց է եղել:
Հարցին՝ հարեւանների հետ խոսե՞լ եք, ի՞նչ անցուդարձ են նկատել՝ Մելիքյանը պատասխանեց, որ դեռ ոչ, բայց հիմա տեսախցիկներով աշխատում են, ամբողջական պատերը կերեւա ու այդ հարցի պատասխանը կստանան, ամբողջ շենքը տեսախցիկներով կահավորված է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հարազատները, կինը վերջին շրջանում Կուտոյանի պահվածքում ինչ-որ փոփոխություն նկատե՞լ է՝ Մելիքյանը պատասխանեց, որ հիմա նրանք այն վիճակում չեն, որ…«Ինքներդ հասկանում եք, եկել է կինը, ամուսնու դին…»:
Արթուր Մելիքյանն ասաց, որ դեպքի վայրում զենք են գտել: Գործում աշխատում են գենետիկներ, քրեագետներ, մի խումբ մասնագետներ:
Մելիքյանը նաեւ հայտնեց, որ ՔԿ վարույթում քննվող որեւէ գործով Կուտոյանը չի հարցաքննվել ու ներգրաված չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ