Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Ուզում են, որ մենք բոլորս վիզներս ծռած գնանք ինչ-որ մի չինովնիկի մոտ»

Հունվար 17,2020 17:18

Քաղաքաշինության բնագավառում Ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, իսկ Քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու վերաբերյալ աշխատանքային այսօրվա քննարկումն Ազգային ժողովում «ուշացած խոսակցություն» անվանելով՝ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն առաջարկեց այն չտանել «մանրուքների» ուղղությամբ, այստեղ կա «գլոբալ հարց».

«2017 թվականին, երբ Ազգային ժողովն ընդունեց Ճարտարապետական գործունեության մասին օրենքը, մեր ճարտարապետական հանրույթը մոտ 9 տարվա իր աշխատանքի արդյունքում հասել էր այն բանին, որ պետությունն ինչ-ինչ լիազորություններ զիջեց Ճարտարապետների պալատին՝ ինքնակարգավորման նպատակով։ Ցավոք սրտի, մեր ոլորտում վերջին երկու և կես տարվա ընթացքում միակ հիմնարար բարեփոխումն է սա, հեղափոխությունից հետո այս ոլորտում որևէ բարեփոխում չի՛ եղել։ Այսինքն, դեռևս, «կոռումպացված» ենք ասում, ինչ ենք ասում, իշխանությունների ժամանակ այս բարեփոխումը եղել է։ Եվ հիմա հանկարծ շրջանառվում է հստակ դիրքորոշում պետական լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) կողմից՝ այդ գործառույթը չտալ ինքնակարգավորվող մարմնին։ Ընկերնե՛ր, գնացքը գնացել է, Հայաստանում եղել է հեղափոխություն, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այն բոլոր լիազորությունները, որոնք պետությունը կարող է տալ ինքնակարգավորման, պետք է տրվեն ինքնակարգավորման։ Մինչդեռ Քաղաքաշինության կոմիտեի վերջին երկու ղեկավարներն ամեն ինչ անում են, որպեսզի այս լիազորությունը չունենա Ճարտարապետների պալատը, ինչու՞ չունենա։ Որովհետև հենց որ այս գործառույթը Քաղաքաշինության կոմիտեն է ունենում, ապա մենք բոլորս՝ ճարտարապետներս, կոնստրուկտորներս, վիզներս ծռած պետք է գնանք ինչ-որ մի չինովնիկի մոտ, որ ինքը թույլտվություն տա կամ չտա»։

Գործող օրենքով Ճարտարապետների պալատն (Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ) ունի այդ լիազորությունը, սակայն Քաղաքաշինության կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնցով առաջին, երկրորդ, երրորդ դասերի լիցենզավորում է վերապահվում Կոմիտեին։ Ավելին, առանց օրենսդրական փոփոխությունների էլ, Քաղաքաշինության կոմիտեն օրերս հայտարարությամբ հանդես եկավ, որով ծանուցում է, թե «ճարտարապետների պալատի կողմից տրվող արտոնագրի առկայությունը կամ բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ շինարարության թույլտվության տրման կամ մերժման համար»։ Ճարտարապետների պալատը պատասխան հայտարարությամբ անթույլատրելի գնահատեց նման դիրքորոշումը, իսկ Պալատի նախագահ, ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը (Mkrtich Minasyan) Ազգային ժողովում այսօրվա քննարկմանն ասաց.

«Պահպանելով գործող օրենքի տառը, մենք անցել էինք աշխատանքի։ Արտոնագրեր են ստացել 255 ճարտարապետներ և 110 կոնստրուկտորներ, ևս 25 ճարտարապետների և 15 կոնստրուկտորների գործերը պատրաստվել են քննարկման։ Բայց հիմա արդեն մենք կարողանում աշխատել։ Եթե ունենք օրենք և դա չենք կատարում, դա արդեն մեծ բաց է։ Ճարտարապետական գործունեության մասին օրենքով մեր այդ իրավունքը հաստատված է։ Ուրիշ բան, եթե ընդհանրապես օրենքին չեն ուզում հետևել։ Մյուս կողմից, արդեն 2 տարի առաջ քայլ ենք արել, որպեսզի այս ամբողջ խնդիրները պարզեցվեն և բաց աշխատենք, մեր միակ ցանկությունը եղել է այն, որպեսզի կարողանանք բաց աշխատել, բա՛ց»։

Սարհատ Պետրոսյանի կարծիքով, մարդկանց 4 խումբ կա, որոնք չեն ուզում, որպեսզի արտոնագրումն անի Ճարտարապետների պալատը՝ «շինարարական կազմակերպություններ, որոնք ճարտարապետ ունենալով կամ չունենալով, անում են նախագծման աշխատանք. չինովնիկներ, որոնք ուզում են իրավաբանական որևէ կազմակերպության հետևում կանգնել և զբաղվել նախագծմամբ. անորակ նախագծողներ, որոնք չեն ուզում ստանձնել պատասխանատվություն և այն մեր գործընկերներն են, որոնց մենք դեռ չենք կարողացել համոզել, որ սա ճիշտ ճանապարհն է»։

Պետրոսյանը հավելեց, որ Ճարտարապետների պալատը՝ գործընկերներ պատգամավորների օգնությամբ, խնդիր ունի աշխատելու չորրորդ խմբի հետ՝ «մյուսները մեր թիրախում չեն»։ Եվս մեկ կարևոր հարց.

«Եթե մենք ուզում ենք մեր հանրությանը, մեր երկրին տալ որակյալ կենսամիջավայր, մենք պետք է իմանանք, թե որ շենքն ով է նախագծել, և միանշանակ պետք է նախագծողն անհատական պատասխանատվություն կրի»։

Ճարտարապետ, Միության քարտուղար Բորիս Քոչարյանը հավելեց. «Ռիսկերի կառավարման համար լավագույն լուծումն անձնական պատասխանատվությունն է… Թե չէ՝ որ շենքին նայում ես, երբեք չես կարող իմանալ, թե ով է ճարտարապետը»։

Սարհատ Պետրոսյանը Քաղաքաշինության կոմիտեում մեկ քայլ ողջունելի համարեց, որը, համոզված է՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Ավետիսյանի նախաձեռնությունն է.

«Շատ հետաքրքրիր գաղափար եք դրել շրջանառության, որ եթե քաղաքաշինական փաստաթղթում փորձաքննություն անցել է նախագիծը, կարելի է ինժեներական արտոնագիր չպահանջել։ Այսինքն, տեղական ինքնակառավարման մարմիննե՛ր, եթե փաթեթում կան ճարտարապետի և կոնստրուկտորի արտոնագրերն ու փորձաքննության դրական եզրակացությունը, հաստատե՛ք։ Ինժեների լիցենզավորման պահանջը հանելով գոնե մի բարեփոխում արած կլինեք Կոմիտեում»։

Աշխատանքային այս քննարկումը խորհրդարանում կազմակերպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը:

www.urbanlab.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031