Հունվարի 1-ից Հայաստանում ներդրված բալային համակարգն այնպես չէ, որ իսպառ վերացնելու է վարորդների կարգազանցությունն ու նվազեցնելու վթարների թիվը, չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանությունում կավելացնի կոռուպցիան: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց Վրաստանի տրանսպորտի եւ ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին:
«Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կազմակերպվել էր տեսակամուրջ Թբիլիսիի հետ, որտեղ նույնպես ճանապարհային երթեւեկության ոլորտում արդեն 3 տարի է՝ ներդված է բալային համակարգը: Դավիթ Մեսխիշվիլիի խոսքով, կոռուպցիայի պատճառով այդ կարեւոր համակարգը կարող է չկայանալ: Հարցին՝ Վրաստանում այդ համակարգն ավելացրե՞լ է կոռուպցիոն գործարքները, պարոն Մեսխիշվիլին պատասխանեց, որ իրենց երկրում իսպառ բացառված է վարորդ-ճանապարհային ոստիկան շփումը եւ ամեն ինչ էլեկտրոնային է, խախտումներն էլ միանգամից գնում են էլեկտրոնային բազաներ, որտեղ որեւէ մեկը չի կարող մուտք գործել ու տվյալներ կեղծել, իսկ փորձ անելու դեպքում էլ միանգամից կձերբակալվի: Նա դեպք հիշեց, երբ Հայաստանում եղած ժամանակ իրենց մեքենան կանգնեցրել է պետավտոտեսուչն ու արագությունը գերազանցելու համար հաշվետվություն պահանջել:
Թե Վրաստանում որքանով են կրճատվել խախտումներն ու պակասել վթարները, Վրաստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր Շալվա Օբգանիձեն ասաց, որ վթարները բացարձակ թվով չեն նվազել, բայց տոկոսային հարաբերակցությամբ՝ բարելավվել են. «Բանն այն է, որ մեզ մետ ամեն տարի ավտոմոբիլային պարկը համալրվում է մի քանի տասնյակ հազար ավտոմեքենաներով: Մեր նպատակը ոչ թե մահացությունը նվազեցնելն է, այլ հայկական կողմի հետ մեր նպատակն այն է, որպեսզի մեր ճանապարհներին ավտովթարներից ոչ ոք չմահանա»:
Շալվա Օբգանիձեն ասաց, որ Վրաստանում ճանապարհային տեսուչները նորմալ են վարձատրվում՝ մինչեւ 2000 լարի, որը մոտ 600 դոլար է կազմում, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ կոռուպցիոն գործարքներից:
Ըստ նրա, Վրաստանում տասը բալ հավաքելու դեպքում 6 ամսով դադարեցվում է վարորդական իրավունքի գործունեությունը եւ վարորդին վերադարձվում է վկայականը՝ պայմանով, որ պետք է հանձնի քննություն, սակայն մեկ փորձով: Իսկ, եթե այդ մեկ փորձն էլ ձախողի պետք է սպասի, մինչեւ տարին լրանա:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ