«Քրեակատարողական ծառայողները հաճախ տարրական պայմաններից զրկված են: Ռեսուրսի պակասը հաճախ հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների: Օրինակ, քրեակատարողական ծառայողների պատճառով կարող են ազատությունից զրկված անձինք զրկվել զբոսանքի հնարավորությունից»,- այսօր ազատազրկման վայրերում խնդիրների մասին քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա ասաց, որ մարդու հետ չեն տարվում պատշաճ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, մինչդեռ ազատությունից զրկման առաջին պահից սկսած պետությունը պետք է նրան բացատրի այն ճանապարհը, որը նա պետք է անցնի: Հաճախ այսօր մենք մարդուն փակում ենք խցում, 23 ժամ մնում է խցում, վերջում ասում ենք՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը նրա համար չի կիրառվի, որովհետեւ նա պատրաստ չի: Պետությունը ինքը պետք է պատրաստի մարդուն:
Օմբուդսմենն ասաց, որ տեսակցություններ թույլ տալ-չտալը պատժիչ մեխանիզմ է դարձել, հիմա իրենք օրենսդրական փոփոխություններ են մշակում. «Իրավունք չունի քննիչը սահմանափակել մարդուն տեսակցել իր մերձավոր ազգականի հետ, դա պետք է ունենա կոնկրետ չափանիշներ»: Այսօր, ըստ օմբուդսմենի, մարդուն ազատազրկում են ու մի տարի կարող է իր ընտանիքի հետ կապից զրկվել, երեխային չտեսնել. «ՔԿՀ համակարգը հիմք է ընդունում քննիչի որոշումը, գրությունը ու շարունակում է զրկել մարդուն իր ընտանիքի հետ կապից: Մենք դեպքեր ունենք, երբ մարդը պարզապես խնդրում է իր մոտ հաճախ գնալ, որ պատմի իր երեխաներից, սա անմարդկային երեւույթի հատկանիշներ են, պետք է գնանք լուրջ համակարգային փոփոխությունների»:
Թաթոյանն ասաց, որ լուրջ խնդիրներ կան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բայց հատուկ անդրադարձավ «Արմավիր» ՔԿՀ-ին, որը, ըստ նրա, պետք է հնարավորինս շտապ ենթարկվի վերանորոգման, որովհետեւ այնտեղ այնպիսի վիճակ է, որ կարող է դառնալ նույն «Նուբարաշենը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հոգեբուժարաններին՝ օմբուդսմենն ասաց, որ մարդկանց հոգեբուժարաններում տեղավորելու հետ կապված խնդիրներ կան. «Հաճախ հոգեբուժարաններում են հայտնվում, պահվում ապօրինի, բժիշկների չիմացության, իրազեկման պակասի պատճառով: Խնդիր ենք հայտնաբերում, մեկ էլ հոգեբուժարանի ղեկավարությունը սկսում է պիտակավորել, խարանի ենթարկել հոգեբուժարաններում բուժվողներին, այն պատրվակի տակ են խնդիրները թաքցնում, որ, կներեք այս բառի համար՝ հոգեկան հիվանդներից, գժերից ինֆորմացիա եք եկել հարցնում, հետո գնում եք խախտումներ եք արձանագրում: Այդ կերպ փորձ է արվում ճնշում գործադրել շահառուների վրա՝ ՄԻՊ-ին տեղեկություններ հայտնելու»:
Օմբուդսմենն ասաց, որ դեպքեր են լինում, երբ մարդուն տանում են հոգեբուժարան՝ առանց նրա կամքի, երբ փաստաթուղթ են ուզում, մի հատ թուղթ են տալիս, վրան ալիքաձեւ նշան, իբր դա է ստորագրությունը. «Եղել է դեպք, երբ մարդուն 18 օր տարել են բուժման՝ առանց նրա կամքի՝ ֆորմալ համաձայնության հիման վրա: Հետո խնդրել է, գրավոր դիմել է, որ իրեն բարձ թողնեն՝ բաց չեն թողել՝ գործունակ, չափահաս մարդ»:
Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ ասաց, որ ոստիկանության տեղափոխող մեքենաները չեն համապատասխանում պահանջներին, արդեն շտապօգնության մեքենայով հնարավոր է տեղափոխեն ազատությունից զրկված անձանց:
Քննարկման ժամանակ ներկայացվեց ֆեյսբուքի հաղորդակի այն հավելվածը, որով ազատազրկվածները կամ նրանց հարազատները կարող են ուղղել իրենց հետաքրքրող հարցրը եւ իրավախորհրդատվություն ստանան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ